Թուրքիան մտնում է ինտենսիվ պատերազմի փուլ՝ ԻՊ-ի հետ ունենալով «նավթային» կապեր. Ի՞նչ է պահանջվում ՀՀ-ից և միջազգային հանրությունից
Նմանատիպ
Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ «Իսլամական պետություն»-ից եկող ամենամեծ վտանգն իսլամական խալիֆայություն ստեղծելու գաղափարախոսության հաստատումն է՝ քաղաքական ճշգրիտ նպատակով և ընթացքով: Ի վերջո, իսլամը որպես համաշխարհային կրոն, ի տարբերություն քրիստոնեության, ձևավորվել է սեփական խալիֆայություն ստեղծելով և մասամբ նաև սրի զորությամբ՝ հիմքում ունենալով իսլամը համաշխարհային և եզակի կրոն դարձնելու ձգտումը, որն այսպես ասած՝ ճզմվել է արդյունաբերական Արևմուտքի ազդեցության ներքո, հիշեցնում է աստվածաբանը:
Այս համատեքստում Վարդան Խաչատրյանը նկատեց, որ «Իսլամական պետություն» խմբավորման առաջընթացի համար պարարտ հող է քրիստոնեական համակարգի երկրորդայնացումը և քրիստոնեական Արևմուտքի անտարբեր դառնալը քրիստոնյաների շահերի հանդեպ, ինչի մասին խոսեց նաև Հռոմի պապը.
«Իզուր չէր, որ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադարձավ այս հարցին` նշելով, որ հայերը շատ մեծ են իր աչքում ու գնահատելի, քանի որ նրանք կարողացել են ի լուր աշխարհի բարձրացնել Թուրիքիայում իրենց ողբերգությունը: Նա ասում էր՝ շատ ճիշտ կլինի, որ Հայաստանում լինի մի հրապարակ, որը կբարձացնի այսօր էլ ցեղասպանության ենթարկվող ազգերի շահերի հարցը»,– լրագրողների հետ զրույցում հիշեցրեց կրոնագետը: Ինչն ավելի ուշ Times.am-ի հետ զրույցում հաստատեց նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն՝ ակնարկելով, որ Եվրոպայում քրիստոնյաներն իսլամ են ընդունում՝ արդարության պահանջից ելնելով. «ԻՊ-ը բարդ երևույթ է, այնտեղ տարբեր բաներ պիտի զուգորդել: Կա հսկայական զանգված, որն ուզում է ապրել իսլամի օրենքներով՝ արդարության վրա հիմնված: Իհարկե, այստեղ բազմաթիվ են նաև արտաքին ներդրումները»:
Թե ինչպես պետք է միջազգային հանրությունը ԻՊ-ի դեմն առնի, կրոնագետ Վարդան Խաչատրյանը նկատեց՝ միջազգային հանրությունը պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկի, քանի որ սա այն թիրախը չէ, որը կարելի է խոցել կամ վերացնել հրացանով, այսինքն՝ պետք է զրկել տնտեսական հնարավորություններից, երկրորդ՝ հակաքարոզչություն իրականացնել, ընդ որում՝ տարածել սուֆիզմի գաղափարախոսությունը, որի հետևորդներին դժվար է ստիպել դիմել ծայրահեղական գործողությունների։
Իսկ թե ինչ պետք է անի Հայաստանը, քանի որ ԻՊ-ը վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի և ՀՀ-ի համար. ծայրահեղ ահաբեկիչները լցվելու են Հարավային Կովկաս և Ադրբեջան, արդեն Աշոտ Մանուչարյանը Times.am-ի հետ զրույցում նշեց.
«Էս կարգի երևույթի հետ գործ ունենալու համար պետք է կամ ձեռք բերենք այն հզորությունը, որը հնարավոր է ժողովրդի ամբողջականությամբ կառավարման դեպքում, և աշխատել բոլոր հարթություններում, ի վերրջո, բոլոր երկրներում կապեր ունենք: Երկրորդ՝ մեր հույսը դնենք ՀԱՊԿ-ի շրջանակում ստեղծված անվտանգության համակարգերի վրա: Սակայն լավ կլինի ստեղծենք մեր համակարգը»:
Իր հերթին Վարդան Խաչատրյանը լրացրեց՝ հիշեցնելով այս հարթությունում Թուրքիայի դերակատարումը. «Թուրքիան ուղղակի հարաբերությունների մեջ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Թուրքիան ԻՊ-ից գնում է նավթ՝ բարելի դիմաց 10-ը դոլար, և արդյունաբերական աջակցություն է ցուցաբերում այդ ռազմաճակատներին: Միաժամանակ, Թուրքիան մտնում է ինտենսիվ պատերազմի փուլ՝ ունենալով 2 թիրախ՝ ԻՊ և քուրդ անջատողականներ: Թուրքիան Սիրիայի հյուսիսից Իսլամական զորամիավորումները»:
Ըստ կրոնագետի՝ թուրքական պետությունն այս գործողություններով արտաքին և ներքին խնդիրներ է փորձում լուծել. արտաքին՝ տապալել Սիրիայում Ասադի վարչակարգը և յուրացնել Ալեքսանդրետի սանջակի հարավային հատվածը, ներքին՝ այլևս չկա թուրքական իշխանությունների վարկանիշի բարձրագույն կետը, ուստի սոցիալական խնդիրներից հասարակության ուշադրությունը պետք է շեղել, ինչպես նաև բանակին զբաղեցնել մարտական գործողություններով, որպեսզի մտքով հեղաշրջում չանցնի:
«Եթե Թուրքիան պայթեց ներքին քրդական դիմադրության հետևանքով, ունենալու ենք ծայրահեղ վտանգի մեջ հայտնվելու խնդիր, եթե հաջողեց բազմաթիրախ բարդ օպերացիայում, դարձյալ ծանր իրավիճակում ենք հայտնվելու»,-ամփոփեց կրոնագետը:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ