Մեկ շաբաթում մոտ կես մլն-ի վնաս՝ շրջակա միջավայրին. Բնապահպանության նախարարության հաշվետվությունը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 449.25 հազար դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Վայոց ձորի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամ գումարի չափով և հաշվարկվել է 31.5 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բածնի կողմից «ՄԳՄ Անդրգրաունդ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտման համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 237.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում 100 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 130 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով և հաշվարկվել է 50 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տեսչական բաժնի կողմից 3 տնտեսվարողներիի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.74 մլն դրամ գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում