Թուրքիայի իշխող կուսակցությունը կորցնում է հեղինակությունը

Թուրքիայի իշխող կուսակցությունը կորցնում է հեղինակությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երկրում տիրող ներքաղաքական եւ տնտեսական քաոսի պատճառով սկսել է կորցնել հեղինակությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, այդ են վկայում արդեն երկրորդ հասարակական կարծիքի հետազոտության` SONAR կազմակերպության անցկացրած հարցումների տվյալները:

SONAR-ի կողմից սեպտեմբերի 5-12-ը Թուրքիայի 26 նահանգներում 3 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցումների տվյալներով` այն հարցին, թե եթե այսօր ընտրություններ տեղի ունենային, որ կուսակցության օգտին կքվերակեն, հարցման ենթարկվածների 38,2 տոկոսը նշել են ԱԶԿ-ն, 28 տոկոսը` Ժողվորդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), 18,2 տոկոսը` Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), 13,77 տոկոսը` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ):

Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում 40,66 տոկոս ձայներ հավաքած ԱԶԿ-ն այս ընթացքում 2,5 տոկոս համակիրներ է կորցրել: Դրան հակառակ` իրենց օգտին քվեներ տվողների թվով աճ են գրանցել ընդդիմադիր կուսակցությունները:

Նախորդ ընտրությունների համեմատ` 1 տոկոսով ավելացել են ԺԴԿ-ի համակիրների թիվը, 3 տոկոսով` ԺՀԿ-ի եւ մոտ 2 տոկոսով` ԱՇԿ-ի օգտին քվեարկողների հնարավոր թիվը:

SONAR-ի տնօրեն Հաքան Բայրաքչըի խոսքով` եթե այդպես շարունակվի, ապա նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ին կհաջողվի ունենալ 232-240 պատգամավոր, ինչը բավարար չի լինի միակուսակցական իշխանություն ձեւավորելու համար:

Ըստ նրա` եթե ԺՀԿ-ին եւ ԱՇԿ-ին հաջողվի միասին 276 պատգամավորական աթոռ բզաղեցնել խորհրդարանում, ապա նրանք իրավունք ձեռք կբերեն երկկուսակցական կոալցիոն կառավարություն ձեւավորել:

Ուշագրավ է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակ չի կանխատեսվում նաեւ թուրքական Metropol հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների տվյալներով: Սեպտեմբերի 2-5-ը 2 հազար 540 մարդկանց շրջանում անցկացված հարցումների տվյալներով` նախորդ ընտրությունների համեմատ ԱԶԿ-ի ձայների կորուստը կազմել է 0,3 տոկոս, իսկ ընդդիմադիր կուսակցություններն իրենց քվեներն ավելացրել են 1-3 տոկոսով: Հարցվածների 64 տոկոսը դժգոհություն են հայտնել ԱԶԿ-ի տնտեսական քաղաքականությունից:

Իրավիճակի նման շարունակման դեպքում, չի բացառվում, որ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի միակ ցանկությունը ԱԶԿ-ի միակուսակցական իշխանության հաստատումն է, երկրում տիրող ներքաղաքական քաոսի պատճառով արտակարգ իրավիճակ հայտարարի եւ այդ կերպ հետաձգի նոյեմբերի 1-ի ընտրությունները` հույս ունենալով, որ, ժամանակ շահելով, ի վերջո իրեն կհաջողվի հասնել ԱԶԿ-ի միանձնյա իշխանությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում