ԼՂՀ նախագահը չի պատրաստվում Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին. խոսնակ

ԼՂՀ նախագահը չի պատրաստվում Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին. խոսնակ

Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի հայտարարել, որ պատրաստվում է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը` պարզաբանելով մամուլում բուռն քննարկվող մի տեղեկություն, ըստ որի` Բակո Սահակյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին տրամադրելու ղարաբաղյան իշխանությունների պատրաստակամության մասին:

«Նախագահը չի ասել, որ պատրաստ է Ստեփանա կերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Նա խոսել է օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին: Նախագահն ասել է, որ եթե օդանավակայանն սկսի ամբողջությամբ շահագործվել, միգուցե քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը»,- նշեց մամուլի խոսնակը:

Անդրադառնալով «Ռեգնում» գործակալության հրապարակմանը` Բաբայանը նշեց, որ գործակալությունը նման բան գրել է, որպեսզի իր նյութերն ավելի շատ ընթերցվեն, հնչել է հարց, եղել է պատասխան, որ երբ օդանավակայանը շահագործվի, հնարավոր է քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն դա ապագայի խնդիր է և պետք չէ շտապել:

Գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդնավակայանը հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Հայտարարությունը տարածվել է հայկական ու ռուսական մի շարք լրատվամիջոցներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում