Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի ռեկորդները
Նմանատիպ
Արդեն տեղեկացրել ենք, որ կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հայացք գցելով մրցաշարի խմբային փուլին՝ ներկայացնում ենք ընթացիկ խաղարկությունում գրանցված ռեկորդները:
Ռոնալդուն և «Ռեալը»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խմբային փուլի 6 խաղում 11 գոլ խփեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ռոնալդուն մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 88 գոլ:
Վերջին տուրում 8:0 հաշվով ջախջախելով «Մալմյոյին»՝ «Ռեալը» կրկնեց մրցաշարի արդյունավետության ռեկորդը. 2007 թվականին Ռաֆայել Բենիտեսի գլխավորած «Լիվերպուլը» նույն հաշվով հաղթել էր «Բեշիկթաշին»: Բացի այդ, այս խաղը ՉԼ-ի շրջանակում «Ռեալի» համար առաջինն էր, երբ մադրիդյան թիմի միանգամից երկու ֆուտբոլիստ (Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա) հեթ-տրիկ է ձևակերպում
«Ռեալը» 19-րդ անգամ անընդմեջ հաղթահարեց խմբային փուլի արգելքը, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:
Կասիլյասը պատմություն է կերտում
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայում մասնակցել է արդեն 156 խաղի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մրցաշրջանում Կասիլյասն այլևս չի կարող բարելավել ռեկորդը, քանի որ «Պորտուն» դուրս է մնացել խմբային փուլից: «Ռեալի» կազմում հանդես գալիս Կասիլյասը 16 անգամ անընդմեջ մասնակցել է ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլին:
Փարիզի ամուր պաշտպանությունը
Խմբային փուլում «Պարի Սեն Ժերմենն» ընդամենը մեկ գոլ բաց թողեց, ինչը ռեկորդի կրկնություն է: Հրաշալի արդյունք է, եթե հաշվի առնենք, որ խմբային փուլում փարիզյան թիմի մրցակից «Ռեալի» կազմում միայն Ռոնալդուն ընդհանուր 11 գոլ է խփել «Մալմյոյի» և «Շախտյորի» դարպասները:
«Գենտի» սխրանքը
«Գենտն» առաջին բելգիական թիմն է, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: 2000-2001թթ. մրցաշրջանում «Անդերլեխտը» հաղթահարեց խմբային առաջին փուլը, սակայն այն ժամանակ գոյություն ունեցող խմբային երկրորդ փուլից դուրս չեկավ:
Անպարտելի կատալոնացիները
«Բարսելոնան» 10-րդ անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլը հաղթահարեց առանց պարտության և գերազանցեց իր իսկ ռեկորդը:
«Օլիմպիակոսի» հակառեկորդը
«Արսենալից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո «Օլիմպիակոսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլը չհաղթահարեց ռեկորդային 13-րդ անգամ:
Վենգերը գերազանցեց Ֆերգյուսոնին
Հունաստանում հաղթելով «Օլիմպիակոսին»՝ «Արսենալն» Արսեն Վենգերի գլխավորությամբ 16-րդ անգամ հաղթահարեց խմբային փուլի արգելքը: Ֆրանսիացի մասնագետն այս ցուցանիշով գերազանցեց սըր Ալեքս Ֆերգյուսոնին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 15 անգամ էր դուրս եկել փլեյ-օֆֆ:
Մյուլլերը գերազանցեց Մեսսիին
Երբ «Բավարիան» 4:0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին», Թոմաս Մյուլլերը դարձավ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 50 հաղթանակ է տոնել: Այդ օրը Մյուլլերը 26 տարեկան, 72 օրական էր, ինչը մեկ տարի և երկու ամիս ավելի լավ է, քան Լիոնել Մեսսիի սահմանած ցուցանիշը:
«Ռոմայի» յուրօրինակ ցուցանիշը
«Ռոման» խմբային փուլը հաղթահարեց՝ 6 խաղում բավ թողնելով 16 գոլ: Նախկինում ոչ մի թիմ այդքան գոլ բաց թողնելու դեպքում 1/8 եզրափակչում չէր հայտնվել: Ինչ վերաբերվում է խմբային փուլի ամենաթույլ պաշտպանությանը՝ «Մալմյոն» բաց թողեց 21 գոլ:
Բազմազգություն փլեյ-օֆֆում
1/8 եզրափակչին մասնակցելու են 10 ազգային ասոցիացիաների թիմեր: 2003-04թթ. մրցաշրջանից հետո, երբ փլեյ-օֆֆ փուլն ընդլայնվեց, սա լավագույն ցուցանիշն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում