Շվեյցարիան` Կովկասում. Դեյվիդ Իգնատիուսի անդրադարձը ԼՂ խնդրին

Շվեյցարիան` Կովկասում. Դեյվիդ Իգնատիուսի անդրադարձը ԼՂ խնդրին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն աշխարհում ամենաքիչ քննարկվող, սակայն ամենաբարդ հակամարտություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Washinton Post-ում հրապարակված իր սյունակում նման կարծիք է հայտնում ամերիկացի հայտնի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը:

The Washinton Post-ի սյունակագիրը, արձանագրելով, որ «սառեցված հակամարտությունը» բորբոքվել է ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվել են շփման գծի ողջ երկայնքով, նկարագրում է նաև իր այցը Լեռնային Ղարաբաղ` այն բնորոշելով որպես «Շվեյցարիան Կովկասում` ոչ միայն լեռներով, այլև փոքր փողոցներով, լեռնագոգ ֆերմաներով ու խիստ անկախ մարդկանցով»:

Այնուհետև Իգնատիուսը մեջբերում է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ խոսակցությունից հատվածներ: «Մարտավարական տեսանկյունից նրանք միգուցե ինչ-որ հաջողություններ են արձանագրել, սակայն ես կասեի, որ, հաշվի առնելով նրանց կիրառած բոլոր ուժերը, սա ավելի շուտ պարտություն էր նրանց համար»,- ասել է ՊԲ հրամանատարըՙ հիշեցնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը կորցրել է 24 տանկ: Մնացականը նաև պնդել է, որ հայկական ուժերն ի վիճակի են պաշտպանել Ղարաբաղն առանց ռուսական օգնության: «Քառօրյա պատերազմի արդյունքները ցույց են տալիս, որ մեր մարտական պատրաստության տակ գտնվող զենքերը բավարար են ցանկացած հակառավորդից պաշտպանվելու համար: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն հետ կմղենք նրանց, այլև առաջ կշարժվենք»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

Իգնատիուսը նաև զրուցել է Ղարաբաղի սովորական քաղաքացիների հետ և նշել, որ իր տպավորությամբ նրանք գնալով կորցնում են ադրբեջանցիների հետ խաղաղության հասնելու ցանկացած մտայնություն:

«Օդանավակայանի ճանապարհին այցելուն կտեսնի ազգային հուշարձանը, որը քարից տատիկի և պապիկի արձանն է, ում մարմինները ենթադրաբար հենց այդ բլուրի մեջ են: Հուշարձանի պաշտոնական անունն է «Մենք ենք մեր սարերը»: Ուղերձն ակնհայտ է` մենք չենք շարժվելու: Տպավորությունն այն է, որ կունենանք երկատաև և անզիջում մի հակամարտություն»,- գրում է Դեյվիդ Իգնատիուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում