Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներն ստանում են երախտագիտական նվիրատվություն

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներն ստանում են երախտագիտական նվիրատվություն

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին:

Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն զոհաբերության համար, որին գնացել է այդ ընտանիքի զինվորը:

Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն այցելել են Արմենակ Ուրֆանյանի, Գեղամ Մկրտչյանի, Աղասի Ասատրյանի, Հրաչ Մուրադյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի, Սարգիս Խալաֆյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մասիս Թովմասյանի, Սասուն Մկրտչյանի, Նորայր Հաջիյանի ընտանիքներին:

Սփետան Սարգսյանը տեղեկացրեց, որ դիրքապահների համար էլ 100 քնապարկ են արդեն ուղարկել Արցախ: «Քաշաթաղի շրջվարչակազմի միջնորդությամբ ապրիլի 21-ին Բերձոր հասցվեց 100 հատ քնապարկ, որը տարվել է առաջնագիծ: Սա դեռ սկիզբն է, կա ծրագիր ավելի մեծ քանակությամբ նման անհրաժեշտ պարագաներ հատկացնելու բանակին»,-ասաց Ստեփան Սարգսյանը:

«Հայրենասեր»-ը շարունակում է դպրոցաշինական ծրագիրը, դեռ քառօրյա պատերազմից առաջ Քաշաթաղի հյուսիսում վերաբնակեցված Հերիկ գյուղում նոր դպրոցի կառուցման ծրագիրն է մեկնարկել:

«Հայրենասեր» կազմակերպությունը հիմնադրվել է 2011-ին ավելի համակարգված, շարունակական ու ծավալուն կերպով նպաստելու հայրենիքին։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։ «Մեր համախոհ ընկերների և Հայաստանի ապագայով մտահոգված այլ անձանց հետ, ովքեր մեզ նման կամավորներ են, իրականացնում ենք ենթակառուցվածքային և կրթական-տեղեկատվական ծրագրեր Հայաստանում։ Ի դեպ, Հայաստան և Հայաստանի պետականություն ասելով` մենք հասկանում ենք և՛ ՀՀ -ն, և՛ ԼՂՀ-ն, քանի որ այդ երկու վարչական միավորները միասին ներկայումս կազմում են մեր հայրենիքը և հայոց պետականությունը։ Արդեն իրագործված ծրագրերից են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցի հիմնովին վերակառուցում-ընդլայնումը, ամենամյա օրացույցի թողարկումը՝ նվիրված մեր հերոս ազատամարտիկներին, «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» վավերագրական ֆիլմի ստեղծումը և այլն»,-հատված Ստեփան Սարգսյանի` «Արմենպրես»-ին տված 2015 թվականի մարտի 18-ի հարցազրույցից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում