Եգիպտոսում EgyptAir-ի ինքնաթիռի աղետի հետաքննության հանձնաժողով են ստեղծել
Նմանատիպ
Եգիպտոսում ստեղծել են Միջերկրական ծովում աղետի ենթարկված EgyptAir-ի ինքնաթիռի աղետի հետաքննության հանձնաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր հայտարարության մեջ հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը:
«Քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին կարգադրել է EgyptAir-ի ինքնաթիռի աղետի հետաքննության հանձնաժողով կազմել Այման ալ Մուքադամի գլխավորությամբ, որը նախարարության՝ պատահարների հետաքննության կոմիտեի ղեկավարն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաէղորդվել էր, որ Միջերկրական ծովում հայտնաբերվել են բեկորներ, որոնք պատկանում են կորած հանրանավին: Ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Ալեքսանդրիայից 290 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել են զինվորականները, բեկորների հետ միասին հայտնաբերվել են նաեւ MS804 չվերթի ուղեւորների անձնական իրեր:
Բեկորներն ուսումնասիրելու են Եգիպտոսի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետները, ինչպես նաեւ Airbus ինքնաթիռի արտադրող ընկերության աշխատակիցները:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում