Տալի հուշամրցաշար․ Հայտնի է Արոնյանի առաջին մրցակիցը
Նմանատիպ
Մոսկվայում մեկնարկել է Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն անցկացվում է 10-րդ անգամ:
Այս տարի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Տոմաշևսկին և Չաո Լին:
Երեկ կայացել է բացման արարողությունը, որից հետո տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշարը։ Վերջինս կատարում էր հիմնական մրցաշարի վիճակահանության դեր: Մրցաշարում հաղթող դարձավ Շահրիյար Մամեդյարովը, ով 9-ը հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Լևոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն հնգյակում տեղ զբաղեցրեցին նաև Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին: Նման արդյունքի շնորհիվ այս շախմատիստները մրցաշարում 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա ` սևերով:
Վիճակահանության արդյունքում առաջին տուրում կկայանան հետևյալ պարտիաները (մեկնարկը Երևանի ժամանակով՝ 16.00-ին)։
- Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ
- Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի
- Լևոն Արոնյան – Բորիս Գելֆանդ
- Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ
- Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի