Մերկելն Անկարայում կբարձրացնի մարդու իրավունքների ոտնահարման հարցը
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախատեսում է փետրվարի սկզբին այցելել Թուրքիա, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպումների ժամանակ բարձրացնելու է մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը:
Նա հիշեցրել է, որ մամուլի ազատությունը գերմանական կառավարության համար ժողովրդավար իրավական պետության կարևոր բաղադրիչ է:
Զայբերտը տեղեկացրել է նաև, որ Մերկելի այցի ժամանակ քննարկման կարևոր թեմաներից են լինելու ԵՄ-Թուրքիայի փախստականների հարցով համաձայնությունը, ինչպես նաև թուրք-գերմանական երկկողմ հարաբերությունները: Գերմանիայի կանցլերը կայցելի նաև մեջլիս:
Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տվյալներով` այցի շրջանակում Մերկելը հատուկ պահանջել է հանդիպում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպմանը նա ցանկանում է տեղեկանալ կուսակցության կալանավորված անդամների, այդ թվում և համանախագահների վիճակի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում