«Պետք չի ճանճից փիղ սարքել»

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդան Սեդրակյանի ձերբակալությանը՝ ասաց. «Մարդը մասնակցել է այս ընտրարշավին, շատերի կողմից հիշվել ոչ թե որպես թեկնածու, այլ թեկնածու, որը էպոսագետ էր իրեն ներկայացնում, և մարդ, որը նախընտրական շրջանում հող նախապատրաստեց պոտենցիալ ձերբակալման համար: Այն, ինչ տեղի ունեցավ, օբյեկտիվ է այն իմաստով, որ կա համապատասխան փաստարկման բազան, որը ներկայացված է եղել ԱԱԾ-ի կողմից, իսկ թե ինչով դա կվերջանա՝ բոլորին էլ պարզ է՝ դատով: Այսինքն՝ դատարանը կորոշի՝ նա մեղավո՞ր է, թե՞ ոչ»:

Թե որքանով է հավանական համարում Մարկարովը այն փաստը, որ Սեդրակյանը կարող էր կազմակերպած լինել Պարույր Հայրիկյանի մահափորձը, այսինքն՝ ինչում որ հիմա նրան մեղադրում են, նշեց. «Ոչ, նրան ձեռնտու չէր, որովհետև եթե ուներ վարկանիշ 0-ի ու 1-ի արանքում, իսկ մյուս թեկնածուն՝ Հայրիկյանը, ուներ վարկանիշ 3-ի ու 4-ի արանքում, ապա պայքարը ընդամենը 2 տոկոսի համար՝ դա այն չէ, որ կարող էր թույլ տալ մահափորձ կազմակերպել: Մրցակցին խաղից դուրս հանևու համար նման քայլի գնալը անտրամաբանական է: Ընդհանրապես մահափորձ կազմակերպելը ոչ բարոյական է, ոչ թույլատրելի, ոչ էլ ընկալելի: Կոնկրետ այս դեպքում սա քաղաքական երևույթ չէ, քրեական է, բայց պետք չի ճանճից փիղ սարքել…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում