Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՊՀ երկրների երիտասարդական դելֆյան 8-րդ խաղերին

Հայաստանը հրավերք է ստացել մասնակցելու ԱՊՀ երկրների երիտասարդական դելֆյան 8-րդ խաղերին, որոնք կայանալու են 2013թ. մայիսի 16-ից 21-ը՝ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում և կրում են «Եղիր՛ արվեստում» անվանումը:

Ինչպես տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, խաղերն անցկացվում են ազգային բազմազան մշակույթների զարգացման և պահպանման, մշակութային ժառանգության բազմապատկման և միջմշակութային երկխոսությունների միջոցով երիտասարդության շրջանում այլ երկրների արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով: Դելֆյան խաղերը ծառայում են նաև երիտասարդության շրջանում հանդուրժողականության տարածման, նրանց ստեղծագործական հմտությունների կատարելագործման և ներդաշնակ զարգացման գաղափարներին:

Պատվիրակություններն իրենց մասնակցության հայտերը պետք է ներկայացնեն մարտի 20-ից մինչև ապրիլի 5-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում