Վարչապետը հանձնարարեց գյուղացուն ամեն կերպ աջակցել. Հաստատվեց լիզինգի նախագիծը
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի նախագծին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90 տոկոսն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով կտրուկ ավելանում է նոր ոգումների և տեխնիկական սպասարկումների ծախսը, որի հետևանքով բարձրանում են նաև ծառայությունների սակագները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:
Ըստ նախարարի, հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79 տոկոսը: Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10-12.5 տոկոսի չափով, մինչդեռ 1992 թվականից ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը աշխատում է, որպեսզի մաքսիմալ ժամանակակից պայմաններ ստեղծվեն գյուղատնտեսության զարգացման համար: «Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում և երկրորդը 2,2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի ցանկացողների թիվը շատ լինի, մենք անպայման դրան ռեսուրս կգտնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ծրագրի նկատմամբ պետք է մաքսիմալ ուշադիր լինել:
«Այս կառավարության որոշումն ընդունելուց հետո պետք է չհանգստանալ և թողնել ինքնահոսի, այլ պետք է համայնքներում մարզպետները, ձեր նախարարությունը զբաղվի այս քարոզչությամբ և այս գործարքի ձեռքը բռնած գյուղատնտեսին ուղեկցի, որտեղ է լիզինգը ձևակերպում, ամեն ինչով պետք է աջակցել»,- ասաց վարչապետը: Իգնատի Առաքելյանն էլ ավելացրեց, որ նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվի ամբողջ տեղեկատվությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման` գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորացնել հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1-2 տոկոսը, սակայն այն նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ իրականացնել տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրեր, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունո ւմ մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում