Ինչ խնդիր է ուզում լուծել Րաֆֆի Հովհաննիսյանը

«Հայոց աշխարհն» անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումներին և գրել . «Թե ի՞նչ խնդիր է ուզում լուծել դրանով, այնքան էլ ընկալելի չէ։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ նրա հետ հընթացս հանդիպումներին կամ եթե կուզեք՝ միտինգներին ավելի ու ավելի սակավաթիվ մարդիկ են հավաքվում։…. Չէ, իսկապես հետաքրքիր է, թե զուտ քաղաքական առումով ինչո՞վ է հիմա զբաղված Րաֆֆի Հովհաննիսյանը։ Որքան էլ այդ բնորոշումը քաղաքագիտական չլինի, պետք է նկատել, որ նա ուղղակի տեղապտույտի մեջ է։ Ըստ որում, նման վիճակում հենց ինքն է իրեն դրել։ …

Ենթադրելի էր ու տրամաբանական կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, սկսեր իշխանությունների հետ երկխոսության կամ բանակցությունների իր իսկ ակնարկած գործընթացը։ Սակայն նա դա չի անում։ Լավ, ենթադրենք, կարծում է կամ նրան հուշում են, որ չարժե իշխանությունների հետ երկխոսություն սկսել, պետք է այլ բանով զբաղվել։ Ենթադրենք։ Եվ ո՞րն է այդ բանը։ Հերթական պտո՞ւյտը, որ ստուգապես ոչինչ չի տալու։ Իսկ չի տալու թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչ նոր ասելիք կա, ոչ էլ որևէ նոր ու ընկալելի անելիք է ձևակերպել «բարևի» առաջնորդը։ …

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունների մասնակիցներից մեկն էլ «Ժառանգություն» կուսակցությունն է։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ կարծես դեմ չէ մայրաքաղաքում իշխանության գալուն, գնում է… մարզեր։ Իսկ նրա կուսակցության կազմակերպչական ողջ ռեսուրսն էլ, հասկանալի է, զբաղված է այդ մարզային այցելությունների հետ կապված հարցերով։ Այս ամենից ինչի հոտ ասես գալիս է, միայն ոչ քաղաքականության։ Ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրեն դուրս է դնում քաղաքական գործընթացներից։ Իրավիճակում, երբ նա կարող էր անգամ քաղաքական օրակարգ ձևավորել, Րաֆֆի Հովհաննիսյանն զբաղված է պարզապես գոլորշի բաց թողնելով։ Բայց քանի որ այդ գործողությունը կրկնվում է արդեն որերորդ անգամ, «բաց թողնվող» գոլորշին ավելի ու ավելի է քչանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում