Սամվել Ալեքսանյանը փորձում է եղբոր տղային թաղապետ դարձնել

Ինչպես տեղեկացրել է ՀՀԿ-ականներից մեկը’ իրենց շտաբներում նախագահականի օրերին զբաղված էին «բլոտ» խաղալու «սրբազան գործով», ընդհանուր թեզն այն էր, որ չխանգարեք’ թողեք Րաֆֆին ձայն հավաքի, «մեկ է, մենք կրելու ենք»: Երևանի ավագանու ընտրություններին ոչ միայն ՀՀԿ գլխավոր շտաբն է աշխատում «խրված», այլև վարչական շրջաններն ու դրանց ղեկավարները, որոնք նույնպես ընդգրկված են ավագանու ցուցակներում: Ավելին’ նրանցից ոմանց հեռանկարային խոստումներ են տրվել: Դա է թերևս պատճառը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ պասիվ «լիազոր-ներկայացուցիչներն» այսօր ահավոր ակտիվ են’ ժողովրդի «հոգս ու ցավին» դարման անելու «ազգապահպան» մտահոգությամբ: Ավելին, այս վարչական շրջանի բավականին հոծ բնակչություն ունեցող Հաղթանւսկ (Չորրորդ գյուղ) թաղամասում փորձում են հասնել նրան, որ գյուղի համար «հեղինակություն և ասող» Սմբատ Այվազյանը չեզոքություն պահպանի: Սամվել Ալեքսանյանն էլ իրեն դիմած քաղաքացիներին կատակով ասել է’ Դավիթի ընտրություններն են, թող ինքն էլ մտածի: Բանն այն է, որ Դավիթ Օհանյանին խոստացել են քաղաքապետի տեղակալ նշանակել: Դ. Օհանյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ նման հարց որևէ մեկն իր հետ չի քննարկել: «Հրապարակի» տեղեկություններով’ տևական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանն ամեն ինչ անում է, որ եղբոր տղան’ Արտակ Ալեքսանյանը ևս «մտնի» մեծ քաղաքականություն: Դավիթ Օհանյանի’ Երևանի քաղաքապետի տեղակալ դառնալու դեպքում Արտակ Ալեքսանյանը կփոխարինի նրան վարչական շրջանի ղեկավարի պոստում: Նա հիմա Օհանյանի տեղակալն է’ ֆինանսների գծով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում