«Բարսելոնան» 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, Մեսսին դուբլ ձևակերպեց (տեսանյութ)
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Լաս Պալմասին»։ Ի սկզբանե հանդիպման անցկացումը հարցականի տակ էր, քանի որ կատալոնական ակումբի ղեկավարությունը, Կատալոնիայում Իսպանիայից անկախացման համար անցկացվող հանրաքվեով պայմանավորված, խաղը հետաձգելու խնդրանքով դիմել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ֆեդերացիան մերժել էր «Բարսելոնայի» խնդրանքը, ինչից հետո կատալոնացիները որոշեցին խաղն անցկացնել առանց հանդիսականի։
Երկրպագուների բացակայությունը Լա լիգայի առաջատարին չխանգարեց 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնել։ Էրնեստո Վալվերդեի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին Լեանդրո Չիչիսոլայի պաշտպանած դարպասը։ 49-րդ րոպեին հաշիվը Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո բացեց Սերխիո Բուսկետսը, ապա դուբլ ձևակերպեց արգենտինացի հարձակվողը։ Մեսսին ընթացիկ առաջնության 7 խաղում արդեն 11 գոլ է խփել և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 6 միավորով 17-րդ տեղում։
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Բարսելոնա» – «Լաս Պալմաս»՝ 3։0
Գոլերը՝ Բուսկետս 49՛, Մեսսի 70՛, 77՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում