Կորյան. Հայաստանն ու Ղազախստանը հավասար թիմեր են
Նմանատիպ
Հոկտեմբերի 7-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հարձակվող Ռուսլան Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Սկզբում լրագրողների հարցերին պատասխանել է Ռուսլան Կորյանը, ում խոսքերը մեջբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
– Ռուսլան, ինչպե՞ս անցավ թռիչքը և ինչպե՞ս է թիմը վերականգնվել նախորդ խաղի պարտությունից հետո:
– Շատ լավ: Անձամբ ես ամբողջ ընթացքում քնած էի: Ինչ վերաբերում է վերականգնմանը, ապա կարող եմ ասել, որ ամեն ինչ կերևա վաղը, բայց թիմը մարտական է տրամադրված:
– Ի՞նչ տրամադրություն ունի թիմը Լեհաստանից կրած ջախջախիչ պարտությունից հետո: Հասցրե՞լ եք մոռանալ անհաջողությունը:
– Չեմ կարծում, որ հոգեբանորեն կարելի է այսքան շուտ մոռանալ այդ պարտությունը: Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:
– Հայաստանը ինչ-որ բանով գերազանցո՞ւմ է Ղազախստանին, թե՞ երկու թիմերը հավասար են:
– Ըստ իս` հավասար թիմերի հակամարտություն է, որտեղ վճռական կլինի նվիրումը և հաղթելու ցանկությունը: Խաղերից ելնելով` հնարավոր է, որ Ղազախստանի որոշ ֆուտբոլիստների ինչ-որ տեղ պակասում է վարպետությունը, բայց ցանկության առումով նրանք խնդիրներ չունեն:
– Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում մե՞ծ առավելություն է Հայաստանի ընտրանու համար:
– Միանշանակ, նա մեր առաջատարն է: Միաժամանակ չի կարելի հույսը դնել միայն նրա վրա: Ֆուտբոլը թիմային խաղ է:
– Խաղը կկայանա արհեստական խաղադաշտում: Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ընտրանու խաղի վրա:
– Անձամբ ինձ համար դա նորություն չէ, քանի որ այն առաջնությունում, որտեղ ես եմ խաղում, մարզադաշտերի կեսն արհեստական խոտածածկով է:
– Ոչ-ոքին ձեռնտո՞ւ հաշիվ է ձեզ համար:
– Ոչ:
– Ի՞նչ կասեք հայ երկրպագուներին, որոնք հիասթափված են Լեհաստանից կրած պարտությունից:
– Լեհերի հետ խաղից հետո ես արդեն ներողություն եմ խնդրել երկրպագուներից: Հիմա ցանկանում եմ, որ նրանք մեզ շարունակեն աջակցել: Դա շատ կարևոր է մեզ համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում