Շարմազանովի համար անընդունելի են ՀԱՊԿ զորավարժությունները ՆԱՏՕ-ի դեմ ուղղված լինելու մասին կարծիքները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ կարծիքների հետ, թե Հայաստանի տարածքում մեկնարկած ՀԱՊԿ լայնածավալ զորավարժությունները պատասխան են ՆԱՏՕ-ի՝ վերջերս կայացած զորավարժությունների: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ զորավարժությունների բացման արարողության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մանրամասն ներկայացրել են զորավարժությունների էությունը և դրանց կարևորությունը:

«Հստակ նշվեց, որ կան բազում մարտահրավերներ՝ հակամարտությունների ռազմական կարգավորումից մինչև թմրանյութերի շրջանառության դեմ պայքար, և ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, պարտավոր է իր սահմաններում և իր սահմաններին մոտ իրականացնել միասնական դիմագրավում բոլոր առկա մարտահրավերներին: Եվ այս իմաստով ճիշտ ու արդարացված չեն կարծիքները, թե այս զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի դեմ»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն ուղղված են միջազգային ահաբեկչության և այն սպառնալիքների դեմ, որոնք մարտահրավեր են տարածաշրջանային կայունության և ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղության և կայունության համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ զորավարժությունների բացման արարողության ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հաստատեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման և լիարժեք իրականացման համար ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: «Մովսես Հակոբյանը՝ որպես պրոֆեսիոնալ զինվորական և հայկական զինված ուժերում ամենաբարձր սպայական պաշտոն զբաղեցնող անձ, շատ հանրամատչելի բացատրեց, որ կովկասյան տարածաշրջանում առանց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի անհնար է լուծել այն մարտահրավերները, որոնք առկա են տարածաշրջանում: Այս իմաստով ինձ մնում է միայն համաձայնել Մովսես Հակոբյանի հետ և «պրոֆեսոր քննադատներին» ասել՝ եթե իմ ասելը ձեզ համար հիմք չէ, ապա սա արդեն պրոֆեսիոնալ զինվորականի գնահատական է: Ես միայն ուրախ եմ, որ իմ և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գնահատականներն այս հարցի շուրջ արտացոլում են իրականությունը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ սա խոսում է այն մասին, որ Հայաստանը կարողանում է շատ ճիշտ դիմագրավել առկա մարտահրավերներին: Նրա գնահատմամբ՝ այդ մարտահրավերներին դիմագրավելու ամենաարդյունավետ ճանապարհը ՀԱՊԿ-ն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում