Աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող 1000 երիտասարդի կհատկացվի նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցում
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսել է այս տարի աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող 1000 երիտասարդի 3 ամիս տալ նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցում: Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող անձանց համար ունենք ծրագիր, որով 3 ամիս փոխհատուցում ենք տվյալ երիտասարդների նվազագույն աշխատավարձի չափով գումարը: Դրանով հնարավորություն ենք ընձեռում, որ երիտասարդները ձեռք բերեն գործնական հմտություններ, ինտեգրվեն աշխատատեղին: Այս շրջանակում նախատեսել ենք այս տարի մոտ 1000 երիտասարդի համար նման աջակցության ծրագիր իրականացնել»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ աշխատանք փնտրող երիտասարդները պատկանում են խոցելի խմբին այն առումով, որ աշխատաշուկայում գործատուների համար միշտ պահանջված են փորձառություն ունեցող աշխատողները:
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար ևս իրականացվում են գործատուների միանվագ օգնության տրամադրման ծրագիր: «Գործատուին տալիս ենք պետական աջակցություն, որպեսզի տվյալ անմրցունակ անձը կարողանա հարմարվել աշխատանքին և գործատուի համար դառնա հիմնական աշխատող»,-ասաց Ասատրյանը:
Նախարարության աջակցության ծրագրերը չորսն են: «Զբաղվածության մասին» օրենքով նախատեսվող ծրագրերում ևս դիտարկելու են անմրցունակության խնդիրը, մասնավորապես՝ երեխա խնամող մայրերի՝ աշխատանքը երեխային զուգակցելու առումով հնարավորություն տալու հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում