Եվրոպայի քրդերը ցույցեր են անցկացնում ի նշան Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողությունների դեմ բողոքի

Եվրոպայի քրդերը բազմամարդ ցույցեր են անցկացնում ի նշան սիրիական քրդաբնակ Աֆրինում թուրքական զինված ուժերի կողմից քրդերի դեմ ուղղված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նմանատիպ բողոքի ակցիաներ են կազմակերպել Շվեդիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի քրդական համայնքների ներկայացուցիչները:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը սիրիական Աֆրինից հետո կարող են շարժվել Մանբիջ և այնտեղ նույնպես պայքարել քրդական զորամիավորումների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում