-1.9 C
Yerevan

Եթե դարբին ես, ձեռքերիդ ցավը չպիտի վախեցնի

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրագրության բաժնի երկրորդ կուրսում շարունակվում են վարպետաց դասերը: Լրագրողները ոչ միայն հյուրընկալում են տարբեր մասնագետների, այլև իրենք են հյուր գնում: Այս անգամ ուսանողները դասախոս, կուրսի ղեկավար Սերգո Երիցյանի հետ այցելել էին դարբին Արմեն Մելիքսեթյանին:

Երբ լսում ենք դարբին արտահայտությունը, կարծես տեղափոխվում ենք հին ժամանակներ։ Տեխնոլոգիական մեր դարում դժվար է պատկերացնել, որ կան դարբիններ, դարբնոցներ ու տաք-տաք ծեծվող երկաթներ։ Բայց Էրեբունի թաղամասի խճճված թաղերից մեկից դեռ լսվում են մուրճի ծանր հարվածները։ Իմանալով դարբին Արմենի մասին` մտածում էինք, որ նրա տունը գտնելը շատ հեշտ է լինելու. գեղեցիկ նախշազարդված դարպասներ, ճաղավանդակներով աստիճաններ ու պատուհաններ։

Փնտրելով գնացինք ու կանգ առանք նմանատիպ տան առջև, բայց դարբին Արմենի մուրճի ձայնը լսվում էր հակառակ կողմից։ Պտտվեցինք, ու պատկերացումները լրիվ փոխվեցին։ Ասում են՝ կոշկակարի կոշիկը միշտ ծակ է. կարծես թե բոլոր արհեստավորների մոտ գործում է այդ նույն սկզբունքը: Չնայած նրան, որ քիչ հուշող բան կար, որ մտնում ենք դարբնի տուն, արհեստանոցին մի քիչ մոտենալուն պես տպավորությունը լրիվ փոխվեց. մուրճի ձայնն ավելի ուժեղացավ, տաք երկաթի ջերմությունը հասավ մեզ, բոլորս ակամայից հիշեցինք «Եռանկյունի» ֆիլմը, սակայն այստեղ միայն վարպետ Արմենն էր աշխատում:

Արմենը բանակից վերադարձել, իրեն տարբեր արհեստներում է փորձել գտնել, բայց ի վերջո ամենահարազատը դարբնությունն է եղել: Ասում է` պետք է սիրես քո արհեստը, եթե չես սիրում, քեզ չես գտնում դրա մեջ, ավելի լավ է թողնես, չզբաղվես: Այդպես սիրելով էլ արդեն երկար տարիներ Արմենը մուրճը ձեռքից ցած չի դրել, ու վստահեցնում է, որ մինչև կյանքի վերջ դարբնությունն ուղեկցելու է իրեն:

Սկզբում Արմենը փոքր երկաթներից ինչ-որ նախշեր էր ստանում, մտածում էինք` հենց էդպես էլ մնալու են` ուղղակի երկաթե փոքրիկ գեղեցկություններ, բայց պարզվեց, որ այդ փոքր դետալները վերջում մեծ դարպասներ են դառնում: Դարպասներին նայելիս երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են դրանք պատրաստվում, ինչպես է ամեն փոքր նախշը, ծաղիկը, տերևը մի քանի ժամ խլում դարբնի օրվանից: Մենք էլ չէինք պատկերացնում, մինչև ինքներս չտեսանք արհեստանոցը, մեր ձեռքերում չզգացինք ծանր մուրճն ու մի կերպ փորձեցինք մի քանի անգամ հարվածել տաք երկաթին. երբ մենք երկու ձեռքով հազիվ բռնում էինք միայն մուրճը, դարբին Արմենի մեկ ձեռքում տաք երկաթն էր, մյուսում` ծանր-ծանր մուրճը: Այդպես համբերատար դարբինը բոլորիս վստահեց երկաթները, ու պարզեցինք, որ աշակերտներ էլ շատ է ունեցել, ինքն էլ ուրախ է, որ իր գործը շարունակողներ կան, հետաքրքրվողներ կան: Իր տղաներից ոչ ոք, կարծես, մեծ ցանկություն չունի դարբին դառնալու, բայց ասում է` որպես սիրողական արհեստ անպայման սովորեցնելու է տղաներին:

Անընդհատ կարելի է նայել, թե այդքան ամուր թվացող երկաթն ինչպես է ենթարկվում մարդուն, հնազանդվում, դառնում է այն, ինչ դարբինը ցանկանում է, ու նորից տեսնում ես մարդու կռիվը ամեն ինչի հետ, մարդու ցանկությունը` հնազանդեցնելու, ամեն ինչից գեղեցիկը ստանալու, ու վերջում տեսնում ես ցանկության իրականացումը, որովհետև եթե դարբին ես, ձեռքերիդ ցավը չպիտի վախեցնի, ամռան շոգին երկաթից փչող տաքությունը չպիտի խանգարի, ձմռան ցրտին ներսի տաքությունը չպիտի շեղի, եթե դարբին ես, նախ հոգիդ պիտի կոփես, պատրաստ լինես ծանրությանն ու պատասխանատվությանը:

Արդեն ամեն անգամ դարպասներին, երկաթե իրերին նայելիս հիշելու ենք Արմենին ու դարբնոցը, տաքությունն ու ծանր մուրճերը, ու սովորական թվացող դարպասներն ավելի գեղեցիկ են դառնալու:

ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ

ԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...