Եվրախորհրդարանը հորդորել է Լոնդոնին հստակեցնել Brexit-ի վերաբերյալ իր դիրքորոշումը

Եվրախորհրդարանը հորդորել է Լոնդոնին հստակեցնել Brexit-ի վերաբերյալ իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը (ԵԽ) Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել առաջիկա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ, որի շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն կապակցությամբ, որ երկրի խորհրդարանը մերժում Է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Brexit-ի խնդրով ԵԽ-ի համակարգող խմբի հայտարարության մեջ, որը հունվարի 24-ին տարածվել է Բրյուսելում:

«Brexit-ի խնդրով Եվրախորհրդարանի համակարգող խումբը հունվարի 24-ին քննարկել է բանակցությունների վիճակը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անցած շաբաթ կայացած կարեւոր քվեարկության եւ հունվարի 21-ին վարչապետ Թերեզա Մեյի արած հայտարարության լույսով»,– ասված է հայտարարության մեջ: «Համակարգող խումբը Մեծ Բրիտանիային կոչ է արել առաջիկա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը»,-նշվում է դրանում:

ԵԽ-ի խումբն այն կարծիքին է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանում համաձայնագրի մերժումից հետո պետք է միասին աշխատի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, որպեսզի «հաղթահարի այդ փակուղին»: «Նա ակնկալում է, որ բրիտանական կողմը որքան կարելի է շուտ կվերադառնա հետագա գործողությունների վերաբերյալ դրական եւ կենսունակ առաջարկությամբ»,-նշում Է ԵԽ-ն:

Խումբը վերստին ընդգծել է, որ Brexit-ի վերաբերյալ ներկայիս համաձայնագիրը «արդարացի է եւ չի կարող վերանայվել», – հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում