Կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմն ամրապնդելու մասին Վիեննայի հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան

Կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմն ամրապնդելու մասին Վիեննայի հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպերին, որոնց հետևանքով հակառակորդի կրակոցներից վիրավորվել են հայ զինծառայողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ վերջին երկու ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում: «Բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ կայունությունը և հանդարտությունը պահպանվում է: Մենք հետևյալ իրավիճակի մեջ ենք, դուք գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ադրբեջանի նախագահի միջև: Ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, մենք ինֆորմացիաներ ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, այդտեղ, ինչպես միշտ, կան փոխադարձ մեղադրանքներ: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասկանալ իրավիճակը, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում: Ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Վիեննայի հայտարարությանը կողմերը պետք է հավատարիմ մնան, իսկ այնտեղ արձանագրել են, որ հրադադարը պետք է պահպանվի և ամրապնդվի: «Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում, արդյոք կողմերից մեկը տվե՞լ է հրաման ապակայունացնել իրավիճակը, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ապակայանունում իրավիճակը: Չնայած ես դա ապակայունացում չէի անվանի, այո, որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում: Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան, դեպքեր են արձանագրվում, ես ասում եմ՝ փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է փորձենք հասկանալ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով մենք այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,– ընդգծեց նա:

ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի: Նրա խոսքով՝ դա կա, չի փոխվել, և քանի դեռ հարցը կարգավորված չէ, չի փոխվելու: «Սա նշանակում է, որ այս ինֆորմացիան բոլորս, այդ թվում՝ ես, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի գիտություն ենք ընդունել»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում