Գարեգին Երկրորդ. Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով

Գարեգին Երկրորդ. Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել քահանայից հերթական ժողովը, որին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցել են Գիշերային ժամերգությանը:

Ժողովը բացվել է կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Սրբազան Հայրը քահանայից դասին մաղթել էԱվարայրի, Սարդարապատի, հայոց պետականության զորացման ու պայծառացման տեսլականով առաջ ընթանալ՝ արձանագրելով նորանոր հաջողություններ հովվական առաքելության մեջ:

Այնուհետև «Քահանա-անհատ ճանաչողության և հարաբերության հարց» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Քահանայից ժողովի գործադիր մարմնի անդամ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Բանախոսությանը հաջորդած քննարկման ընթացքում ժողովականները ընդգծել են հովվական կյանքում հոգևոր խնամքի կարևորությունը՝ հիմնված հովվի հոգևոր փորձառության, ամուր հավատքի, անսակարկ սիրո և նվիրումի վրա: Քահանա-անհատ ճանաչողության պարագային շահեկան նկատվեցին ծխական համակարգի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ժողովի երկրորդ զեկույցը «Խոստովանության և խոստովանահոր շիտակ ընկալումը Հայոց Եկեղեցում» թեմայով ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նյութի շուրջ Հայր Սուրբը հայ եկեղեցական մատենագրությունից և կանոնագրքերից քաղված տեղեկություններ է փոխանցել` անդրադարձ կատարելով նաև այլ Եկեղեցիների փորձառությանը: Ծավալված քննարկման ընթացքում քահանա հայրերը խնդրի առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հովվական փորձառությունը:

Ժողովը եզրափակվել է Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Հայոց Հովվապետն իր գնահատանքն է հայտնել ժողովի մասնակից եկեղեցականներին իրենց նվիրյալ ծառայության համար:

«Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով: …Այն աշխատանքը, որ նրանք իրականացնում են, իրականացնում են ամբողջական պատասխանատվությամբ, առաջին հերթին` հավատքով, աստվածսիրությամբ և ազգասիրությամբ, գիտակից, որ իրենց առաքելությունը պայմանավորում է աստվածսիրությունն ու հայրենասիրությունը հայ հավատացյալի՝ արժեքներ, որոնցով հարատևել է մեր ժողովուրդը, պահպանվել է մեր երկիրը, որոնցով այսօր մենք ունենք անկախ պետականություն», – ասել է Վեհափառ Հայրապետը` պատգամելով դժվարությունների առջև չընկրկել, միասնաբար ջանալ հաղթահարել դրանք և անշեղ ընթանալ այդ ճանապարհով, նույն քաջարի ոգով, ամբողջական պատասխանատվությամբ շարունակել իրենց ծառայությունը հայ ժողովրդի կյանքում:

Անդրադարձ կատարելով մայիսյան հերոսամարտերին և տիրող հաղթական մթնոլորտին` Նորին Սրբությունը խոսել է նաև մեր ժողովրդի դավանած արժեքների անխաթար պահպանության անհրաժեշտության մասին` դրանում կարևորելով Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դերակատարությունը:

«Մենք՝ իբրև եկեղեցականներ, պետք է ամրորեն, հաստատուն կերպով, քաջաբար պաշտպանենք հոգևոր, բարոյական մեր արժեքները, որոնք առանցքն են մեր ինքնության, որոնց շնորհիվ հարատևել ենք դարերի մեջ, դիմակայել ամեն տեսակ փորձությունների, փրկության առաջնորդել մեր ժողովրդին և կերտել անկախ պետականություն»,- ընդգծել է Հայոց Հովվապետը:

Վերջում Նորին Սրբությունը շնորհավորել է եկեղեցականներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով՝ իր տոնական բարեմաղթանքները փոխանցելով ամենքին:

Հայրական իր օրհնությունը բերելով հոգևոր դասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև մաղթել է Աստծո զորակցությամբ աննկուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ` Երկնավոր Տիրոջ ու սուրբ հայրերի սահմանած ուղուն: Նորին Սրբությունն աղոթել է հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:

Ժողովի ավարտին հոգևորականաց դասը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Երեկոյան ժամերգությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում