Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի մասնակիցների համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` Անկարա մեկնելուց առաջ:
«Սա արդեն հինգերորդ նմանգագաթնաժողովն է՝ նվիրված Սիրիային: Բոլոր երեք երկրների համար տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի»,- ասվում է նախագահի կայքում: Ռոհանիի կարծիքով՝ 2.5 տարվա ընթացքում՝ այն պահից, երբ Թեհրանը, Մոսկվան և Անկարան պատասխանատվություն են ստանձնել Սիրիայում հրադադար ապահովելու համար, իրավիճակն արաբական երկրում սկսել է զարգանալ դրական ուղղությամբ:
Նախագահը հավելել է, որ տարածաշրջանում անվտանգության սահմանման իրական միջոցն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից դրսևորվող ագրեսիային և սադրանքներին վերջ դնելն է:
Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը՝ ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի մասնակցությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 16-ին` Անկարայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում