«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը
Նմանատիպ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գառներ-ոչխարներ` կաշառքով` արտահանել է մինչև Կատար: Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: Իհարկե, մի քանի հազ. գլուխ անասունների` անօրինական դուրս բերումը Հայաստանից կանխվել է, քանի որ Մկրտչյանը ԱԱԾ խոշորացույցի տակ է կաշառք տվել-առել:
Նշենք, որ Մկրտչյանը Գյուղնախարարության ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետն է եղել դեռևս 2011 թվականից: Հենց նա է, ԱԱԾ-ի պնդմամբ, պաշտոնը շահադիտական նպատակներով օգտագործելով «սերտիֆիկատի» առևտուր արել հենց հեղափոխության օրերին` թիկունքում թերևս ունենալով մորաքրոջ՝ դատախազ տղայի ամենազոր աջը: Բայց… ընկել է ԱԱԾ թակարդը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս գործից: Հովհաննես Մկրտչյանի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն այս գործարքի` նրա 3 «գործընկերներ»: Սակայն դատախազի մորաքրոջ տղան գրավի դիմաց ազատ է արձակվել: Հավելենք, որ ԱԱԾ-ն այս քրեական գործով նախաքննությունն ավարտել է և գործն ուղարկել դատարան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում