Ավիաշուկայում ձևական մրցակցություն կապահովվի
Կարդացեք նաև
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀ կառավարությունը, ինչպես հայտնի է, որոշել է ստեղծել 3 խումբ ավիաուղիներ, որոնց համար հայտարարվել են մրցույթներ, և նշանակվել են 3 ավիաընկերություններ դրանք սպասարկելու համար: Քաղավիացիայի վարչությունից հայտնել են, որ առայժմ չեն կարող նշել այդ երեք ավիափոխադրողների անունները, որոնց կվստահեն օդուղիները:
Սակայն մերձկառավարական շրջանակներում լուրեր են պտտվում, որ ֆավորիտ ընկերություններից մեկը փաստացի պատկանում է Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի եղբորը կամ նրա տանիքի տակ է: Վարչությունից այս լուրը հերքել են’պատճառաբանելով, որ Արտյոմ Մովսիսյանը չունի ավիաընկերություն ունեցող եղբայր: Մյուս կողմից արդեն հայտնի է, որ 3 ընտրյալների թվում չի լինելու «Կռունկ Էյր» ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը դեռ երկու ամիս առաջ բարձրագոչ հայտարարություն էր արել, թե 750 մլն եվրո է ներդրելու, 450 մարդու աշխատանքով է ապահովելու, 8 ինքնաթիռ է բերելու Հայաստան:
«Արմավիայի» տիրոջ’ Միկա Բաղդասարովի ծրագրերի մասին հակասական տեղեկություններ են շրջանառվում, որոնցից հավաստի է թերևս այն, որ «Արմավիայի» սեփականություն հանդիսացող ինքնաթիռների մի մասի վաճառքի մասին նա ներկայում բանակցություններ է վարում: Ավիացիոն շրջանակներում բավական հոռետեսորեն են նայում մեկի փոխարեն հայկական երեք ավիաընկերություն ունենալու որոշմանը: Բանն այն է, որ հայտարարված 3 խումբ ուղղություններից’ԱՊՀ-Ռուսաստան, Եվրոպա և ասիական ուղղություն, եկամտաբեր է լինելու միայն մեկը’ԱՊՀ-Ռուսաստան: Եվրոպայի ծավալները փոքր են: Ասիական ուղղությունները ևս եկամտաբեր չեն համարվում: Այնպես որ, այսօր արդեն կարելի է փաստել, որ երեք ընկերություններից մեկը լինելու է ֆավորիտը: Հենց նրան են տրվելու «ամենայուղոտ» գծերը’դեպի Ռուսաստան և ԱՊՀ: Իսկ դրա մրցակցությունները եվրոպական և ասիական գծերն սպասարկող ավիաընկերությունների հետ զուտ ձևական է լինելու»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: