Լեհ խորհրդարանականները կաջակցեն Հայաստանին` պատրաստվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի լեհաստանյան ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր լեհ-հայկական բարեկամական խմբի հայաստանյան ղեկավար Հովհաննես Սահակյանը: «Այցի ժամկետերը դեռ քննարկվում են: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի վերջին կա մ հոկտեմբերի սկզբին»,-ասաց նա:

Այցի շրջանակներում լեհ խորհրդարանականները կայցելեն Ծիծեռնակաբերդ, կլինեն Ցեղասպանության թանգարանում: «Նրանք ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կատարվող աշխատանքներին եւ պատրաստակամություն են հայտնել օգնել մեզ այդ հարցում»,-ասաց նա:

Նա բարձր գնահատեց լեհ խորհրդարանականների այսպիսի պատրաստակամությունը՝ հիշեցնելով, որ Լեհաստանը դեռ 2005թ-ին է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Լեհաստանն առաջիններից էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, եւ գնահատելի է այն հանգամանքը, որ լեհ պատգամավորները չեն սահմանափակվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչումով եւ փորձում են օգնել մեզ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու գործում»,-ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ բացի դրանից’ լեհ խորհրդարանականների այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները, օրենսդրական բարեփոխումների հետ կապված եւ այլ հարցեր: «Լեհաստանի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք եւ պետք է ամեն ինչ անենք դրանք ավելի ընդլայնելու համար»,-ասաց Սահակյանը:

Այցի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 24-26-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Պատվիրակության կազմում է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ում հետ էլ ձեռք է բերվել պայմանավորվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում