ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Times.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ:
Համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)) կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որը ներկայում կարող է էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին գրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:
Չնայած ուղևորութոյւնների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ»,-ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում:
Կասպրշիկի տարածած հայտարարությունում ասված է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:
«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,-ասել է Կասպրշիկը:
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում