Ռազմիկ Դավոյան․ Ազգն ու Քարը
27/03/2020 19:43
Նմանատիպ
Լերկ բլուրներ, սարեր, ժայռեր,
լերկ քարերի հարահոս վազք.-
սրանից է կերպար առել
բիբլիական հզոր մի ազգ:
Մեկ այդ ազգն է քարի վրա,
մեկ այդ քարն է ազգի մեջքին,
թավալվում են գիլ ու գլոր՝
ձեռ առնելով ժամանակին:
Քարը ազգին, ազգը քարին,
իրար խելք են տալիս-առնում,
եւ նրանց մեջ նույն արեւի
խարկված ոգին է սավառնում:
Եվ բաժանում չկա հավետ,
քարն ու ազգը իրար կպած,
արեգակի պտույտի հետ,
տիեզերքով մեր չափչփած:
Այնքան պիտի թռչեն, սուրան,
մինչեւ բախտի դուռը ջարդեն,
ինչպես Դավթի քարը ճեղքեց
բութ Գողիաթի զրահն անդեմ: