Եվրոպական խորհրդարանը բացահայտեց ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը
Նմանատիպ
վրոպական խորհրդարանը բացահայտեց ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը: Ադրբեջանական apa.az էլեկտրոնային պարբերականը, հուլիսի 11-ին մեջբերելով Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովին, սենսացիոն լուր է տարածել, թե իբր Եվրոպական խորհրդարանն այլևս դիտորդական առաքելություն չի իրականացնելու Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում’ հաշվի առնելով այդ երկրում ժողովրդավարա կան ձեռքբերումները: Սուլեյմանովի խոսքերով Ադրբեջանն առաջինն է և դեռևս միակը Հարավային Կովկասի երկրներից, ով ընտրություններ կանցկացնի առանց Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության’ կանգնելով այնպիսի առաջադեմ ժողովրդավար երկրների կողքին, ինչպիսին Նորվեգիան, Ճապոնիան, Չիլին, Ավստրիան կամ Իսլանդիան են:
Սենսացիոն այս լուրի իսկությունը պարզելու նպատակով «Արմենպրես»-ը դիմեց Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայությանը, որտեղից տեղեկացրին, որ Եվրոպական խորհրդարանն իր դիրքորոշումներն արտահայտում է բանաձևերի միջոցով, մասնավորապես տվյալ հարցում հղում կատարելով Եվրոպական խորհրդարանի 2013թ. հունիսի 13-ի բանաձևն Ադրբեջանի վերաբերյալ: Նշված բանաձևում կոչ է արվում դադարեցնել ընդդիմադիր հասարակական գործիչների և լրագրողների հետապնդումները: «Նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելը տեխնիկական հարց է, որը կարող է քննարկվել միայն համապատասխան կողմից հրավեր ունենալու դեպքում, իսկ Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հրավեր չի ստացվել»,-ասված է Եվոպական խորհրդարանի’ «Արմենպրես»-ին տրամադրած պարզաբանման մեջ:
Իր ստահոդ հայտարարության մեջ Էլխան Սուլեյմանովն ասել էր, թե «Ադրբեջանն իր անկախ պատմության մեջ հասել է մի շատ կարևոր հանգրվանի, երբ Եվրոպական խորհրդարանը այս շաբաթ որոշեց հանել Ադրբեջանն այն երկրերի ցուցակից, ուր դիտորդական առաքելության անհրաժեշտություն կա»: