Անկարայում Եգիպտոսի դեսպանը Դավութօղուին հայտնել է իր դժգոհությունը երկրի վարած քաղաքականությունից
Նմանատիպ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կազմակերպված իֆթարին (Ռամադանի ընթացքում ծոմապահությանը հաջորդող ընթրիք) հրաժարվել է մասնակցել Անկարայում Եգիպտոսի դեսպան Աբդուրրահիմ Սալահեդինը: Նման քայլով դեսպանը բողոքել է Եգիպտոսի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, ընթրիքից հետո դեսպանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Աբդուրրահիմ Սալահեդինն իր դժգոհությունն է հայտնել’ կապված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Անկարայի որդեգրած դիրքորոշման հետ: Դավութօղլուն, հերթական անգամ հայտարարելով, որ Թուրքիան հարգում և վստահում է Եգիպտոսի ժողովրդին, ընդգծել է, որ ընտրության միջոցով իշխանության եկածները ընտրությունների միջոցով էլ պետք է հեռացվեն իշխանությունից:
Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները: Եգիպտոսի իսլամիստները չեն ընդունում նման որոշումը և պահանջում են, որպեսզի իշխանությունը վերադարձվի օրինական ընտրված նախագահին:
Թուրքիան բազմիցս հանդես է եկել Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերի քննադատությամբ’ անընդունելի համարելով զինվորականության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու որոշումը: Այս կապակցությամբ հայտարարություններ են արել երկրի առաջատար այնպիսի դեպքերը, ինչպիսիք են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում