Մուշում հայերին կոտորելուց հետո զբաղված են նրանց հետքերը ոչնչացնելով.Նադյա Ույգուն
Նմանատիպ
Մուշի Քալե թաղամասի հայկական տները քանդելու առնչությամբ անօգնական կեցվածքը տխրեցուցիչ և միաժամանակ նաև զայրացնող փաստ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական aykiridogrular.com-ը, այս մասին իր հրապարակած հոդվածում գրել է Թուրքիայում բնակվող հայազգի մտավորական Նադյա Ույգունը: Պատմելով հայկական տները քանդելու մասին լուրերը հայտնի դառնալուց հետո իրենց ձեռնարկած գործողությունների’ էլեկտրոնային ստորագրահավաք իրականացնելու, պատկան մարմիններին դիմելու մասին, Ույգունը ցավով արձանագրում է, որ պատահական չէ, որ մշակութային ցեղասպանությունը մշտապես տեղի է ունենում հայկական և հունական շինությունների նկատմամբ: Նշելով, որ Մուշի հայկական տներին հաջորդեցին Սիիրթի (հայկական Սղերթ) Էրուհ գավառում գտնվող հայկական գերեզմանատունը, որը վաճառվեց գյուլենական շարժման ներկայացուցիչներին, ինչպես նաև «Սանասարյան հան» կոչվող շինությունը, որ հանձնվեց վարձակալության, չնայած դեռևս ընթացքի մեջ էր Պոլսի Հայոց պատրիարքարանի սկսած դատական գործընթացը, Ույգունը ցավով արձանագրում է, որ թեպետ այժմ 2013 թվականն է, սակայն մեծ տարբերություն չկա 1915 թվականի համեմատ:
«Ամենից շատ ինձ, և առհասարակ մեզ տխրեցրեց այն, որ Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն, ասես ծաղրելով մեզ, ասաց. «Եթե հայկական սեփականություն է, ունե՞ք այն ապացուցող վկայական»: Ներողություն ենք խնդրում, որ, մոռացել ենք 1915 թվականի հուլիսին Մուշի գավառներում հայերի ոչնչացման ժամանակ վերցնել նաև մեր սեփականության վկայականները: Այժմ էլ շարունակվում է մշակութային ցեղասպանությունը, նրանք զբաղված են հայերի հետքերն ու հիշողությունը ջնջելով: Մարդիկ զբաղված են ցեղասպանությունը ժխտելով: Սակայն ինչ ափսոս է, որ չկարողացան ջնջել ոչ հիշողողթյունը, ոչ էլ պատմությունը, դրա փոխարեն ամբողջ աշխարհով ավելի են խայտարակ լինում’ երկրում տասնյակ պատմական, մշակութային ժառանգության գործերն աչքի լույսի պես պահելու, հպարտանալու և ցուցադրելու փոխարեն նախընտրելով դրանք ոչնչացնել’ ավելի ընդգծելով անցյալում գործած մեղքը»,- եզրափակել է Ույգունը:
Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) «քաղաքային վերակառուցում» նախագծի շրջանակներում նախատեսում է Մուշի Քալե թաղամասի պատմական հայկական տների փոխարեն կառուցել 864 բնակելի տներ և 107 գրասենյակներ: Շուրջ 60 հազար քառակուսի մետր զբաղեցնող տարածքում վերակառուցումներ իրականացնելու վերաբերյալ վարչությունը համաձայնության է եկել բնակիչների 85 տոկոսի հետ:
Մուշի Քալե թաղամասում գտնվող տների ներկայիս բնակիչներից շատերը հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ: Սակայն, ի պատասխան նրանց բողոքների’ TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:
Մուշի պատմական հայկական տները քանդելու դեմ Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել, որի նախաձեռնողները կոչ են արել միանալ և արգելել հայկական պատմական վերջին հետքերի ոչնչացումը Մուշում: «Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն: Սրա նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, ինչպես նաև հավաքական հիշողությունը ոչնչացնելը: Մշակույթ ոչնչացնելը մարդկություն ոչնչացնել է նշանակում: Սա պատմական կոտորած է: Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությամբ կանխիր այս կործանումը»,- նշվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում