25-ամյա վարորդը Tesla-ով մահացու վրաերթի է ենթարկել «Ինտերնյուզ»-ի նախկին ղեկավարին

25-ամյա վարորդը Tesla-ով մահացու վրաերթի է ենթարկել «Ինտերնյուզ»-ի նախկին ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, Times․am: Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Սարգսյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մանանա Ասլամազյանին։ Այս մասին հայտնում է shamshyan com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին ու փրկարարներին օգնել է, ովքեր վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Այնուհետև վարորդը մոտեցել է նշված վայրում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը։

Երեկ, ժամը 20։20-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Վարորդը այնուհետև դեպքի վայրից ներկայացել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրենն էր։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում