Նյու Յորքում աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը
Նմանատիպ
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 23:00-ին), երբ աշխատանքի տարեկան շրջափուլի սկիզբը կազդարարեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ հունիսին ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ ընտրված դիվանագետ Ջոն Ուիլյամ Էշը Անտիգուա եւ Բարբուդայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղ ում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Բացվող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 170 թեմա, այդ թվում՝ խաղաղության եւ անվտանգության պահպանման, զինված հակամարտությունների կանխման, շրջակա միջավայրի պաշտպանության, երկրների կայուն զարգացմանն աջակցության, միջուկային չտարածման ռեժիմի պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ապահովման հարցերը:
Կշարունակվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը, ինչպես նաեւ բուն կազմակերպության աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցերի քննարկումը:
Ավանդաբար Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կկայանա ընդհանուր քաղաքական բանավեճ, որը սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կընթանա պետությունների ու կառավարությունների ղեկավարների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական մարմինն է: 1946 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության կազմավորումից մեկ տարի անց, նրա կազմում կար 51 պետություն, այժմ՝ 193: ՄԱԿ-ին անդամակցած վերջին երկիրը 2011 թվականին դարձել է Հարավային Սուդանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում