Շիրակի բնակիչները կօգտվեն ակնաբուժական անվճար ծառայություններից

Հայաստանի ակնաբուժական նախագծի կողմից սեպտեմբերից-հոկտեմբեր ժամանակահատվածում ակնաբուժական անվճար ծառայություններ կմատուցվեն Շիրակի մարզի բնակչության համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագածի հանրային կապերի տնօրեն Մինաս Համբարձումյանը տեղեկացրեց, որ նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում հուլիսի սկզբից մինչ օգոստոսի վերջ Լոռու մազրի մոտ 4000 բնակիչներ օգտվել են բարձրորակ անվճար ակնաբուժական ծառայություններրից, ինչը գերազանցել է սպասելիքները:

«Հիվանդների համար դուրս է գրվել մոտ 1900 ակնոց, կատարվել է աչքի 400 վիրահատություն’ նախատեսված 300-ի փոխարեն»,- ասաց Համբարձումյանը: Նրա խոսքով’ Լոռու մարզում սպասվածից շատ հիվանդների սպասարկելը հնարավոր է դարձել Orange հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնում շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, և կենտրոնի 2013 թվականի սեպտեմբերին նախանշված բացումը հետաձգվել է:

Տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող կենտրոնը կսկսի գործել Երեւանի Պերինատոլոգիայի, գինեկոլոգիայի և մանկաբարձության ինստիտուտի շենքում:

Առաջիկայում Հայկական ակնաբուժության նախագիծ «Լույս հայի աչքերին» ծրագիրը Շիրակի մարզի առաքելության ժամանակացույցի շրջանակում հոկտեմբերի 1-5-ը կտեղակայվի Անիի տարածաշրջանում, հոկտեմբերի 7-12-ը’ Արթիկում, հոկտեմբերի 14-22-ը’ Ախուրյանում:

2003 թվականին մեկնարկած «Լույս հայի աչքերին» ծրագրի հիմնական ուղղություններն են բուժօգնությունը, տվյալների հավաքագրումը եւ հետազոտական աշխատանքները, բժշկական ուսուցումը եւ վերապատրաստումը, հանրային ուսուցումը և իրազեկումը, կարողությունների զարգացումը: Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թվականին հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում: 2003-2012 թթ . Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 318 580 մարդ ՀԱՆ-ի ակնային զննում է անցել իր կամ մոտակա համայնքում (ներառյալ 133 813 երեխա): ՀԱՆ-ը իրականացնում է մանկական կուրության կանխարգելում 2010 թ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում