Մարզական լրագրողների միջազգային 76-րդ կոնգրեսն ավարտված է
Կարդացեք նաև
Սոչիում , ապրիլի 14 — 19 -ը անցկացվեց մարզական լրագրողների միջազգային միության / ԱԻՊՍ / հաշվետու – ընտրական կոնգրեսը: Այն թվով 76 –րդն էր, որին մասնակցեցին 108 երկրների պատվիրակներ: Նրանց թվում էր նաև Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը:
ԱԻՊՍ –ի նախագահ միաձայն վերընտրվեց իտալացի Ջանի Մերլոն: Նրա ղեկավարությամբ հսկայական աշխատանք է կատարվել անցած ութ տարում: Տարբեր աշխարհամասերում երիտասարդ մարզական լրագրողների համար անցկացվել են վերապատրաստման դասընթացներ: Միջազգային խոշոր մրցաշարերը լուսաբանելու համար ավելացել է մրցավայր գործուղվող կին լրագրողների թիվը:
Կոնգրեսի ընթացքում Մերլոն առաջարկեց ԱԻՊՍ –ի գործկոմի կազմում կանանց թիվը ավելացնել չորսով : Այս առթիվ մտքերի փոխանակում տեղի ունեցավ: Օրինակ Դանիայի, Ղազախստանի և էլի մի քանի երկրների պատվիրակներ կտրականապես մերժեցին նախագահի առաջարկը: Հարցը լուծում կստանա հետագայում:
Մերլոն իր ելույթում խոսեց ժամանակակից մարզական լրագրության մասին: Նա նշեց, որ էլեկտրոնային լրատվամիջոցները ստացել են առաջատարի համարում: Ավաղ, համակարգչային լրագրությունը աչքի չի ընկնում խոսքի մատուցման կուլտուրայով և գրագիտությամբ: Սա հիմնականում շտապողականության հետևանք է և նման պարագայում խոսք չի կարող լինել պրոֆեսիոնալիզմի մասին:
Փոքր ինֆորմացիաներից բացի մարզասերները ուզում են ընթերցել նաև լուրջ վերլուծականներ, խոսուն, տպավորիչ հարցազրույցներ, սպորտի առաջընթացին նպաստող, օրինակելի չեմպիոններին և մարզական կազմակերպություններին վերաբերող ակնարկներ, դիմանկարներ և այլն: Այս առումով տպագիր մամուլը մրցակից չի ունենա և կարող է հարատևել: Հարցի շուրջ ծավալվեցին բուռն քննարկումներ, որոնք արժանացան մասնակիցների հավանությանը:
Եկող տարի կոնգրեսը տեղի կունենա Բաքվում: Որոշվեց նաև 2015 –ին կայանալիք համաժողովի վայրը: Քվեարկությամբ, միաձայն, 78 –րդ կոնգրեսի քաղաք ընտրվեց Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն: Այս գործին մեծապես նպաստեցին ուրուգվայցի բանախոսները և նրանց պատրաստած տեսահոլովակը: Այդ երկրի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ, հայազգի Փանոս –Լեո Կարսլյանը իր գործընկերոջ հետ կարծես ֆուտբոլի ռեպորտաժ էր վարում: Իսկ էկրանից ժպտացող Ուրուգվայի սպորտի և տուրիզմի նախարար, հմայիչ հայուհի Լիլիա Քեշիշյանի հրավերի հրապուրիչ խոսքը լրագրողներն արձագանքում էին բուռն ծափերով:
Վեհաժողովի ավարտից հետո Կարսլյանը մոտեցավ, ջերմորեն ողջագուրվեց Հայաստանի պատվիրակի հետ: Նա խոստացավ եկող տարի կայանալիք կոնգրեսից հետո այցելել իր նախնիների հայրենիք:
Մարզական լրագրողները ճանաչողական էքսկուրսիայով եղան Սոչիի օլիմպիական խաղերի համար կառուցված բաց և փակ մարզահամալիրներում, որոնք աշխարհում նմանը չունեն: Այս մասին վկայող բազմաթիվ փաստեր կան : Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները, մարզակառույցների նախագծերի հեղինակները, շինարարները, ամեն ինչ արել են մարզիկների հնարավոր վնասվածքները կանխելու համար: Բոլոր մարզակառույցներում արդեն անցկացվել են պատասխանատու մրցումներ, որոնց մասնակիցները չեն թաքցրել իրենց գոհունակությունը:
Համաժողովը հյուրընկալեց նաև ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար սերբ Լալիչին և նրա ռուսաստանցի գործընկեր, անցյալի նշանավոր վարպետ Մամիաշվիլուն: Ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու ‘ ՄՕԿ –ի հնչեցրած միտքը մեծ վրդովմունք է առաջացրել նաև համայն աշխարհի մարզական լրագրողների մոտ: Դատապարտելով միջազգային օլիմպիական կոմիտեի վարքագիծը մարզական լրագրողները խոստացան, որ հետայսու առավել սիրով ու եռանդով կլուսաբանեն ըմբշամարտի մրցաշարերը:
Հարկ է նաև նշել , որ ԱՄՆ –ի Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը հոտընկայս լռությամբ հարգեցին կոնգրեսի մասնակիցները :
Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում