Մամուլին հայտնի է դարձել ՀԱԿ համամասնական ցուցակի կազմը

Հայ ազգային կոնգրեսը, չնայած չի շտապում հրապարակել իր համամասնական ցուցակը, սակայն, մեզհասած տեղեկություններով, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է: Այդ մասին գրում է Hayeli.am կայքը, որը հիշեցնում է նաև, որ այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կայքի տեղեկությունների համաձայն, ցուցակի առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում կլինի ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, 6-ում՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, 7-րդ տեղում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ 8-րդում է, 9-րդում՝ Գագիկ Ջհանգիրյան, վերջինիս կհաջորդի ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սոքիասյանը, 11-րդ տեղում ընդգրկված կլինի Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, 12-րդ-ում՝ Դավիթ Շահնազարյանը,13-ում՝ Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, 14րդ-ում՝ Հովհաննես Հովհաննիսյանը, որին կհաջորդի Դավիթ Մաթեւոսյանը, իսկ Զոյա Թադեւոսյանը կլինի 16-րդում: Հաջողվեց պարզել, որ ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկված կլինեն ՀԺԿ 5 ներկայացուցիչ, քանի որ հակառակ պարագայում ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, մեր տեղեկություններով սպառնացել է լքել ՀԱԿ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում