Էդ.Նալբանդյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր

Այսօր, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Գրիգոլ Վաշաձեն նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր ծրագրեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, առանձնազրույցի ձեւաչափով տեղի ունեցած նախարարների հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրներ:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ:

Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների օրակարգին:

Նույն օրը ավարտելով այցելությունը Թբիլիսի՝ նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում