ՊԲ-ը հերյուրանք է անվանել զինվորներին նվաստացնելու մասին մամուլում հայտնված լուրերը

Զինվորական ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար առաջնահերթ խնդիր է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների, այդ թվում նաև ներզորանոցային մաքրության շարունակական բարելավմանն ուղղված գործընթացների իրականացումը: Հենց այդ նպատակն էին հետապնդում օրերս Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում կազմակերպված ցուցադրական պարապմունքները, որոնց շուրջ, ցավոք, մի շարք լրատվամիջոցներ, թերևս ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից ելնելով, մարտի 17-ին տարածեցին անհիմն մեկնաբանություններ առ այն, թե իբր բանակի զորամասերում զինվորներին ստիպում են մաքրել զուգարանները: Վերոնշյալ ապատեղեկատվության հեղինակներին իրազեկում ենք, որ ՊԲ-ում նշված աշխատանքներն իրականացնում են համապատասխան հաստիքներ զբաղեցնող բանվոր-ծառայողները: Իսկ տարածված լուրերը ոչ այլ ինչ են, քան բանակին հասցեագրված հերթական հերյուրանք:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում