5.1 C
Yerevan

Մամուլն այսօր. Հայտնի և գաղտնի ընտրացուցակները շարունակվում են ճշտվել

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Ընտրություններ.

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ղեկավարները երեկ կեսգիշերին բուռն քննարկումների մեջ էին: Բանն այն է, որ այս ուժերի համատեղ համամասնական ցուցակը, որ հրապարակվել է կիրակի օրը, դժգոհությունների տեղիք է տվել:

Թերթի տեղեկություններով, երկու ուժերի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու, թե ինչպես կարելի է բարեփոխել ցուցակը, որպեսզի կուսակցության շարքերում բորբոքված կրքերը հանդարտվեն: «Ժառանգության» մի պատգամավոր, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցուցակը էական փոփոխությունների դժվար թե ենթարկվի, որովհետև այդ փոփոխություններն էլ կարող են հարուցել նրանց դժգոհությունը, ովքեր գոհ են հրապարակված ցուցակի պատկերից:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ հնարավոր է` մինչև մարտի 22-ն Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի և առաջադրի իր թեկնածությունը Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան): «Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային ժողովում: Ես ուզում եմ ինքն էլ գա»,-երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մինչ այդ էլ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն այս երկրում միայն Սամվել Ալեքսանյանը կարող է համոզել` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Այսպիսով` ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցություն վայելող Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի պատգամավորական ապագան կարող է վտանգվել: Թերթը հիշեցնում է, որ այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն Ստյոպա Աաֆարյանը, ըստ լուրերի` նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:

Թերթը հաղորդում է նաև մեկ այլ տեղեկություն, որի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, իրավական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանն ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում: Մախմուդյանը հաստատել է թերթի տեղեկությունը` ասելով, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել եզդի ազգի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում: «Ես ազգությամբ եզդի եմ և ԲՀԿ-ի հետ քննարկելուց հետո իմ այդ որոշումը կայացրել եմ: Հայտնի է, որ ԲՀԿ-ն ցանկանում է երիտասարդ ներկայացուցիչներ ունենալ ԱԺ-ում, ինչի հետ ես համամիտ եմ: Իմ նպատակն ԱԺ-ում իրավաստեղծ գործունեություն ծավալելն է»,-եզրափակել է ՄԻՊ խորհրդականը:

«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ Աժ ընտրություններին համապատասխան ձայներ ապահովելու համար իշխանությունները մարզերից մեծ թվով բնակիչներ են գրանցում Երևանի վարչական բոլոր համայնքներում: Ըստ շրջանառվող լուրերի` իշխանություններն այդկերպ ցանկանում են հնարավորինս բացառել լցոնումները, որպեսզի ընտրություններն ընթանան անաղմուկ և «լեգիտիմ»:

«Իրատես de facto»-ն գրում է. «ԲՀԿ 6-րդ համագումարի ողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը հարկ էր համարել նստել նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: …Իր ելույթից անմիջապես հետո Ծառուկյանը կրկին նստած էր «նախագահ ջանի» կողքին, իսկ ելույթ էր ունենում Օսկանյան Վարդանը` միտինգային տարերքին, պոպուլիզմին, ընդդիմոտությանն ամբողջապես տրված: Ծառուկյանը, տեսնելով Օսկանյանին այդ «վիճակում», շրջվել է դեպի Սերժ Սարգսյանն ու ասել էր. իա՜, նախագահ ջան, ես իր ելույթը երեկ կարդացել էի, սենց բան չկար: Հետո Ծառուկյանը կանչել էր ինչ-որ մեկին ու հրահանգել` ասեք Օսկանյանին, թող էլ չխոսի»:

Գաղտնի պահվող և բացահայտված ցուցակների մասին.

«Հրապարակը» գրում է, որ առայսօր մեծ գաղտնիության պայմաններում է պահվում ՀՅԴ համամասնական ցուցակը: «Անցած շաբաթ մեզ հաջողվել էր ճշտել, որ առաջին կինը ցուցակում լինելու է Բրյուսովի համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանը: Երեկ մենք տեղեկացել ենք նաև, որ, հակառակ սպասելիքներին, ՀՅԴ ցուցակում չեն լինելու Դավիթ Լոքյանի և Լևոն Մկրտչյանի անունները: ՀՅԴ Բյուրոն որոշել է, որ նրանք և Հրանտ Մարգարյանը պետք է բացառապես զբաղվեն կուսակցական աշխատանքով»,-գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, համացանցում հայտնված տեղեկությունները Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի վերաբերյալ, միայն մասամբ են համապատասխանում իրականությանը: Այդ հրապարակումներում հավաստի արտացոլված է ցուցակի առաջին տասնյակը, որն ըստ ամենայնի կունենա հետևյալ տեսքը.

1. Լևոն ՏերՊետրոսյան

2.
Ստեփան Դեմիրճյան

3.
Արամ Սարգսյան

4.
Արամ Մանուկյան

5.
Լևոն Զուրաբյան

6.
Լյուդմիլա Սարգսյան

7.
Նիկոլ Փաշինյան

8.
Հրանտ Բագրատյան

9.
Գագիկ Ջհանգիրյան

10.
Խաչատուր Սուքիասյան

Երկրորդ տասնյակի մասին կայքերում առկա տեղեկությունները, թերթի աղբյուրների փոխանցմամբ, հիմնականում չեն արտացոլում իրականությունը:

Զարմանազան.

«Ժողովուրդ»-ի հաղորդմամբ՝ ԵԺԿ նախագահ Վ. Մարթենսի՝ ՀՀԿ համագումարում արած հայտարարությունները, թե «դուք կմասնակցեք Աժ ընտրություններին և կհաղթեք», լուրջ սկանդալի պատճառ են դարձել: Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում այս ելույթը գնահատել են որպես միջամտություն այլ պետության ներքին գործերին ու հիմա պատրաստվում են պաշտոնանկ անել Մարթենսին:

Թերթի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Մարթենսը նման ելույթ է ունեցել ՀՀԿ փոխնախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԳ նախարար, ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանի՝ կուսակցության համագումարից երկու օր առաջ Բրյուսել կատարած այցի արդյունքում: «Իսկ թե ինչպես են հայ պաշտոնյաները համոզում օտարերկրացիներին նման հայտարարություններ անել, մնում է միայն կռահել»,- եզրակացնում է թերթը:

«Հայոց աշխարհը» զրուցել է ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ` նախ գրելով. «Դեռ նախընտրական ցուցակներին անդրադառնալուց էլ առաջ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի անունը նշվում էր ամենահաճախ բացակայողների ցուցակում։ Այդ համատեքստում էլ տեսակետներ էին հնչում, թե 3 շրջան պատգամավորական մանդատ ստացած և ՀՅԴ ցուցակներում առաջին կինը եղած տիկին Ալվարդը հավանաբար հաջորդ խորհրդարանում չի լինի»: 

Դիտարկմանն ի պատասխան պատգամավորը նկատել է. «Գիտեք, ես միշտ ուղղորդվել եմ «ավելի լավ է մեկ ժամ շուտ, քան մեկ րոպե ուշացումով հեռանալ» սկզբունքով: Չեմ սիրում, երբ ինձ մերժում են: Իմ վճիռները ես եմ կայացնում: Իրականում չեմ էլ բացակայել, միշտ հրապարակում, ասպարեզում ակտիվ եմ եղել և այն, ինչ պիտի ամբիոնից ասեի, ասել եմ ավելի զանգվածային միջոցներով: 

Ի վերջո, ես կոճակ սեղմող չեմ: Իմ օգտակար գործողության գործակիցն ավելի բարձր էր, քան պարզ կոճակ սեղմելը: Ինձ համարում եմ այս երկրի պարկեշտ, բան անելու ունակ մարդկանցից մեկը և կարգուկանոնի, օրինակելիության նշանն իմ բացակա լինելը չպետք է լինի: 

Իրականում հասկացա, որ անելիք չունեմ այնտեղ: Դեռ երկու տարի առաջ միասին ենք հարցազրույց արել, և ասել եմ, որ իմ սերնդին համարում եմ իրավիճակային քաղաքական գործիչներ: 88-ը մեկեն մխրճվեց մեր կյանքի մեջ: Հիմա` «մավրը իր գործը արեց, մավրը պիտի հեռանա», և պիտի գան պրոֆեսիոնալներ»: 

Թերթի այն հարցին, թե` «բայց արդեն հրապարակված ցուցակներում դուք տեսնո՞ւմ եք պրոֆեսիոնալներ: Հին, ծանոթ, ձանձրացրած դեմքերն են հիմնականում», նա պատասխանել է. «Մի քանի անուն, այնուհանդերձ, կարելի է թվարկել, որոնց փեշակն է պառլամենտարիզմը: Սերնդափոխությունը պարտադիր է, չի կարող անվերջ Ալոն Չալոյին փոխարինել, Չալոն` Ալոյին: Ուզում եմ բարի երթ մաղթել արժանավորներին`անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, ասելով, որ պատահականներն էլ միշտ լինելու են, կյանքն ամեն բան իր տեղը կդնի»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...