Էդ.Նալբանդյան. «Հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն»

Այսօր կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թ., Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ, Լիտվան առաջինն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Երեւանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացել է դեսպանություն:

Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար` Աուդրոնիուս Աժուբալիսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ` ընդգծելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների, ամուր իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ծավալների աճի կարեւորությունը:

Հայաստանի եւ Լիտվայ ԱԳ նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների հարցերի, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ:

Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:  Այս ենթատեքստում քննարկվեցին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատեց Լիտվայի աջակցությանը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում