«Հանրապետություն» կուսակցություն. «ՀԱԿ-ի հետ ունենք սկզբունքային տարաձայնություններ, որոնք ժամանակի մեջ խորանում են»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանրապետություն» կուսակցությունն այսօր քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշել էր դուրս գալ Հայ Ազգային կոնգրեսի կազմից: Կուսակցության քաղխորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
««Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին և պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի և ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը:
Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին Հայ Ազգային կոնգրեսի համոզմունքը` արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլև խորանում են:
Հետևաբար «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ քննարկման արդյունքում միաձայն որոշեց դադարեցնել իր անդամակցությունը ՀԱԿ-ին:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայ Ազգային կոնգրեսին միասին անցած ճանապարհի համար` մաղթելով հաջողություն իր ծրագրերի իրականացման համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում