Ն.Բորդյուժա. «Ոչ բարիդրացիական քայլերի դեպքում, ՀԱՊԿ-ը միանշանակ կսատարի Հայաստանին»

«Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և եթե Հայաստանի նկատմամբ իրականացվեն ոչ բարիդրացիական քայլեր, ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին»: Այս մասին այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան՝ մեկնաբանելով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահները քննարկում են անվտանգությանը վերաբերվող հարցերը և ՀԱՊԿ հետագա անելիքները. «ՀԱՊԿ-ը կայացած կազմակերպություն է, այն ճանաչելի է աշխարհում և կազմակերպությունը գործում է արդյունավետ: ՀԱՊԿ-ը ստեղծվել է շատ մեծ դժվարությամբ, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը»:

Անդրադառնալով Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժություններին՝ Ն.Բորդյուժան նկատել է, որ ՀՀ-ն ակտիվորեն նախապատրաստվում է, այս պահին քննարկվում են թե որ ուժերը, ինչ ստորաբաժանումներ են մասնակցելու ՀՀ-ում կայանալիք արագ արձագանքման ուժերի զորավարժություններին:

«Պատրաստությունները շատ ակտիվ են ընթանում: Այս հարցում շատ ակտիվ է հայկական կողմը: Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարներին ներկա գտնվել այս տարվա սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին: Արդեն կայացել են առաջին շտաբային բանակցությունները, շուտով կանցկացվեն նաև երկրորդ շտաբային բանակցությունները: Զորավարժություններին կմասնակցեն վեց պետություններ, այսինքն` ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները, բացի Ուզբեկստանից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Պատասխանելով Եվրոպական հակահրթիռային համակարգերին վերաբերող հարցին՝ Ն.Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ն հետևում է ՌԴ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում