Լենկթեմուր՝ կաղ ու դաժան աշխարհակալը

Լենկթեմուր՝ կաղ ու դաժան աշխարհակալը

Չինգիզ խանի տերությունը մասնատվել էր: Նրա հսկայածավալ կայսրության մի մասն էլ Մավերանահրն էր, ուր ջաղաթայական տարբեր ցեղեր ու իրանական ժողովուրդներ էին բնակվում: Այնտեղ անիշխանություն էր, բայց կռիվներ կային իշխանության ստանձման համար:

Լենկ Թեմուրի կիսանդրին

Հենց այդ խառնակ ժամանակաշրջանում պատմության թատերաբեմ բարձրացավ Թամերլանը, Ամիր Թեմուրը կամ, առավել հայտնի Լենկթեմուրը: Նա իր պատմական անունը ստացել է հենց կաղ լինելու պատճառով: Չնայած նրա կարճ հասակին ու կաղությանը, նրան հաջողվեց միավորել տեղաբնակներին, մայրաքաղաք հռչակել Սամարղանդը և մեծ ախորժակ ունենալ նվաճելու աշխարհը:

Կարճ ժամանակում նա ողջ Միջին Ասիան ու Չինաստանի մի մասը գրավում է, ենթարկեցնում Իրանն ու Ատրպատականը և Սյունիքի կողմից մտնում Հայաստան: Նա պաշարում է Երնջակ բերդը, բայց չի կարողանում գրավել։ Երնջակը քաղաք էր Ջուղայի շրջանի տարածքում։ Գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի կենտրոնում, Երնջակ գետի միջին հոսանքում, համանուն բերդի մոտ, որն այժմ Ադրբեջանի կազմում է: Թեմուրական արշավանքները տարածվում են Հայաստանով մեկ, բայց դաժանությամբ հայտնի թաթար-մոնղոլ զորավարին Հայաստանում մեծ դիմադրություն էր սպասվում: Ուժեղ դիմադրություն է ցուցաբերել նաև Երևանը: Գրավելով Երևանը՝ Լենկ Թեմուրը առանձնակի դաժանությամբ կոտորեց քաղաքի բնակիչներին: Ուժերի անհավասարության պայմաններում, սակայն Հայաստանի դիմադրությունը հաջողվեց ընկճել: Հաղթարշավը Հայաստանում շարունակելով Թեմուրը շարժվեց դեպի Վրաստան: Ճանապարհին նա գրավում է Լոռու մարզի Ախթալա քաղաքն ու հողին հավասարեցնում, թեև Ախթալայի բերդը գրավել չի հաջողվում: Շարունակելով արշավանքը՝ Լենկթեմուրը գրավում է Թիֆլիսն ու քաղաքն արյան ծով դարձնում: Այնուհետև արշավում է Արևմտյան Հայաստան, գրավում Վանն ու քաղաքի պահապաններին ցած նետում Վանի բերդից: Ըստ պատմիչների՝ առավել քան 7000 մարդու է նետել բերդից, նույնիսկ վերջիններից շատերը ողջ են մնացել՝ ընկնելով դիերի վրա:

Նա արշավել է Ռուսաստան, գրավել Իրաքը, Միջագետքը: Իր հետևից ամենուր ահռելի դիակույտեր, արյան ծովեր ու գլախատված մարմինների բուրգեր է թողել: Այնուհետև նորից վերադարձել է Հայաստան, հայերին քշել հայրենիքից ու երկիրը մեծ մասամբ բնակեցրել քոչվոր ցեղերով: Լենկթեմուրի ստեղծած կայսրության մեջ էին Միջին Ասիան, Աֆղանստանը, Իրանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը: Նա նպատակ ուներ վերջ դնել թուրքական տերությանը:

Թամերլանը գրավում է Բաղդադը։ Նկարը պատվիրվել է նրա թոռան` Իբրահին Սուլթանի կողմից 1428թ.-ին

Թվում էր՝ բազմիցս Հայաստան արշաված ու հայոց աշխարհն արյան ծով սարքած Թեմուրը չի սիրել հայերին, բայց այստեղ կարծիքներն իրարամերժ են: Արցախում նա շուրջ 10 հազար հայի տեղահանում ու ուղարկում է Աֆղանստան: Իր մայրաքաղաք Սամարղանդի շինարարությունն էլ բացառապես վստահել է հայերին և թույլ տվել իր կայսրության մեջ առևտրային գործունեություն ծավալել անարգել:

Թամերլան Մեծի նկարը. Թամերլանի թանգարան. Ուզբեկստան.

Լենկթեմուրն ունեցել է 43 կին և 8 զավակ: Սակայն սա հաստատուն թիվ չէ, ի վերջո, հաղթողներին չեն դատում ու չեն քննարկում: Նրա անձնական կյանքն առանձնապես հայտի չի եղել:

Ի դեպ, ուշագրավ է, որ Լենկթեմուրը նախընտրել է արշավանքները սկսել գարնանը։ Սակայն անսպասելիորեն կազմակերպված ձմեռային արշավանքի ժամանակ ճանապարհին հանկարծամահ է եղել:

Իրականում երբ է ծնվել Լենկթեմուրը երևի այնքան էլ հայտնի չէ, որովհետև նրա ծննդյան օրն ու իշախանության ստանձման օրը պատմիչները նույնականացնում են: Դա զուտ համընկնում է, թե պայմանականություն, էական չէ, բայց փաստ է, որ և Զանգեզուրի անվան հայտնի պատումը և Ախթալայի՝ Լենկթեմուրին գրավել չհաջողված բերդն անվանում են նաև «Լենկ Թեմուրի» բերդ:

Լենկ Թեմուրի դամբարանը Սամարղանդում

Իսկ եթե երբևէ այցելեք Ուզբեկստան, անպայման գնացեք մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Լենկթեմուրի աշխարհակալության մայրաքաղաքը՝ հայերի կառուցած Սամարղանդը, որը 2001-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կազմում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում