«ՄՏՍ Հայաստան»-ը չի վաճառվի․ պետության առարկության հիմքով ՀԾԿՀ-ն մերժում է գործարքը

«ՄՏՍ Հայաստան»-ը չի վաճառվի․ պետության առարկության հիմքով ՀԾԿՀ-ն մերժում է գործարքը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի հայտը մերժելու որոշում է կայացրել։

Համապատասխան որոշումը ներառվել է Հանրային ծառայությունների հանձնաժողովի՝ ապրիլի 12-ին կայանալիք նիստի օրակարգում։

«ՄՏՍ Հայաստան»-ը 2023 թվականի հունվարին Հանձնաժողով էր դիմել ընկերության վաճառքին հավանություն տալու հայտով․ «ՄՏՍ Հայաստան»-ի հավանական գնորդը Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունն էր, որը մտադիր էր գնել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետիրական շղթայում ընդգրկված «Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը։

Նշվում է, որ գործարքի կնքմանն առարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ինչն էլ Հանձնաժողովի համար գործարքը մերժելու հիմք է հանդիսացել։

Իսկ ԲՏԱ նախարարությունը գործարքին առարկել է պետական շահագրգիռ մարմինների հետ քննարկումներից հետո։ Նախարարությունը իր առարկությունը  Հանձնաժողովին է ներկայացրել 2023 թվականի մարտի 30-ին։

Որոշման մեջ նաև հստակեցվում է, որ Հանձնաժողովը գործարքը մերժում է, եթե այն իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգության կամ պետական շահին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում