Կոմիտաս` հայի ինքնուրույն երաժշտությունն ու «նոտայի Վարդապետը»

Կոմիտաս` հայի ինքնուրույն երաժշտությունն ու «նոտայի Վարդապետը»

Հայերենի բացառիկ իմացություն, բացարձակ լսողություն ու բազմաթիվ այլ շնորհներ՝ ի վերուստ տրված: Կոմիտասի բացառիկությամբ հիացել ու հիանում է աշխարհը: Հենց դրա համար էլ մեր հարևանները փորձում են ձևախեղել նրա կենսագրությունն ու իրենցը դարձնելու փորձեր անել՝ մեջբերելով Կոմիտասի ծննդավայրը, որն այժմ Թուրքիայի կազմում է:

Երկնի կայծեր բյուրափառ՝
Հրո հովեն ցիրուցան,
Գիշերերկիր հյուրաբար՝
Լուսո ծովեն կաթեցան՝
Աչքին սոսուն,
Մտքին խոսուն

Կոմիտասի մայրը դեռ 16 տարեկան էր, երբ լույս աշխարհ էր բերում մեկին, որը հավետ մնալու է պատմության ու համաշխարհային մշակույթի ամենալուսավոր էջերում: Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ, բայց նրանք հրաշալի ձայն ունեին, թեև երաժշտությամբ պիտի զբաղվեր իրենց որդին:

Ճակատագրի հեգնանքով փոքրիկ Սողոմոնը՝ ապագա Կոմիտասը, կորցնում է մորը 6 ամսականում, իսկ հորը, երբ 10 տարեկան էր: Նրան մեծացնում է հայրական տատը: Ապրում էին աղքատ, բայց երևի մշակույթով լեցուն կյանքով: Տանը խոսել են միայն թուրքերեն, բայց Կոմիտասը տարբեր ազգերի երգեր գիտեր՝ նրանց հատուկ մելիզմներով: Նրան «թափառական փոքրիկ երգիչ» էին անվանում, որը թուրքերենին հրաշալի տիրապետելուց զատ՝ փայլուն տիրապետում էր հայերենին՝ իր բոլոր բարբառներով:

Եվ այս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երեսերես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․
Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն

Ուշագրավ է, որ նա հայերեն սովորել է Էջմիածնում, երբ Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ որբ աշակերտ գտնելու: 20-ի միջից ընտրվում է հենց Սողոմոնը, որն այդ ժամանակ հայերեն չգիտեր, բայց երգում էր հայերեն: Ճեմարանում ուսուցումը հայերեն էր, ուստի Սողոմոնն այնտեղ անելիք չուներ: Մինչ կաթողիկոսը կհրահանգեր տղային վերադարձնել ծննդավայր, Սողոմոնը երգում է «Լույս Զվարթ» շարականն ու հուզում ներկաներին:

«Թափառական փոքրիկ երգիչն» Էջմիածնում սովորում է հայերեն: Գյուղեգյուղ գնում, ձայնագրում Էջմիածնի գյուղերի երգերն ու այլևս ստանում «նոտայի Վարդապետ» անունը:

Իր առաջին ժողովրդական երգարանը՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուն, Էջմիածնի գյուղերի 25 երգ էր ներառում: Շարքում տեղ էին գտել սիրերգեր, պարերգեր, օրորոցայիններ ու հարսանեկան տաղեր: Պահպանողական հոգևորականները նրան հեգնանքով «սեր երգող քահանա» էին անվանում:

Եվ այս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սերոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկիարծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծիքեզի կարմիրկանաչ սիրո շապիկ կարեցին:

Կոմիտասը չուներ վատ սովորություններ, ավելին՝ ուսումնառության շրջանում սկսել էր սնվել օրը մեկ անգամ, ապա հրաժարվել սննդից ընդհանրապես: Նա հրաշալի երգում էր, պարում, ասմունքում ու ընկերական հավաքույթների ժամանակ երբեմն Հրաչյա Աճառյանի հետ Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ից մի հատված «խաղում»: Նա հումորի բացառիկ զգացում ուներ, կատակում ու ընկերություն էր անում նաև իր աշակերտների հետ: Հրաշալի նարդի էր խաղում ու հաղթում ուժեղ խաղացողներին: Ժամանակակից իրերի՝ կնիքների, այցեքարտերի կոլեկցիոներ էր: Սիրում էր ծաղիկներ ու բնությունն առհասարակ: Նա նույնիսկ նոտագրում էր բնության մեջ եղած ձայները:

Հոգիս թիթեռ՝ մի վար, մի վեր
Հույս ծովերով թևելով՝ հոգիս մի բեռ…
Անմայր, անսեր, լույս հովերով հևելով…

Ավետիք Իսահակյանն ասում էր՝ Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմք է դրել ազգային երաժշտական կուլտուրային…

Կոմիտասի ժառանգությունը անբասիր ու բացառիկ հայկական է: Նրա հավաքած ու մշակած հայկական երգերն ապացույցն են, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն:

«Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներևւոյթ և անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ։ Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերությիւն, օտարամոլությիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէնՈւ՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արյիւնաքամ հողու տակէն և ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործըՍիրտս փլած է…»

Սա Կոմիտասի վերջին ձեռագիրն է՝ հուսահատության ճիչ: Ու երևի եթե Կոմիտասը մեր օրերում ապրեր, էլի կխելագարվեր:

Ու հիմա մերօրյա երգարվեստում շատերն են փորձում երգել Կոմիտաս, նրան հատուկ խաղիկներն օգտագործել կամ ներկայացնել նրա ժառանգությունը ժամանակակից ձևով: Այսօր շատերը նրա ֆանտաստիկ գործերը լսում են, սիրում, բայց քչերն են հետաքրքրվում՝ սիրելի երգերն ու ֆանտաստիկ գեղեցիկ հնչյունները ով է հասցրել մեր օրեր:

Պռե՛րե, գոմեշ,
Հո-հո՜յ, յո-ա՜,
Ա՛ռ, հա՛ գոմեշ
Հո-հո՜յ, յո-ա՜,
Տա՛ր, հա՛ գոմեշ,
Հո՜ – հո՜յ, յո՜:

Կոմիտասը անաղարտ հայկական երաժշտության վարպետն է, ում իր ինքնության համար պարտական է յուրաքանչյուր հայ:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում