…մտածում եմ՝ տղա էր. Աննա Մեկունցի օրագիրը (մաս 3)

…մտածում եմ՝ տղա էր. Աննա Մեկունցի օրագիրը (մաս 3)

Times.am-ը ներկայացնում է արցախցի բանաստեղծուհի Աննա Մեկունցի օրագրի երրորդ մասը։ Հեղինակի աշխատանքի առաջին և երկրորդ մասիերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

(ան)Հայրենիք. Աննա Մեկունցի օրագիրը (մաս 1)

ՀուսաԼքում. Աննա Մեկունցի օրագիրը (մաս 2)

***

Վերադառնալուց՝ օրը կամաց-կամաց լուսացավ։ Ու եթե անկեղծ, ես այդ օրը տեսել եմ աշխարհի ամեասիրուն արևածագը, որի մասին երազելով էի ապրում իմ քաղաքում։ Պատշգամբում կանգնած նայում էի դատարկված փողոցներին, վառված իրերի ծխին, հեռվում երևացող մեքենաների խցանումներին, երկնքին, որն արդեն խաղաղ էր թվում, բայց անհանգիստ լաց էր լինում։

Հետո հավաքվեցինք էլի բոլորով։ Մորս սիրում էին (են) բակի մարդիկ, հարևանները, իր գործընկերները։ Որովհետև հյուրասեր ու օգնող կին է։ Միշտ բոլորին բուժում է, եթե մի բան է պետք մեկին՝ օգնում է, եթե մի համով բան է պատրաստում՝ հարևանների համար անպայման ուղարկում է․․․

Ինքն ինձ համար իսկական Հայ կնոջ իդեալն է միշտ եղել։

Տղաների ընկերների տանը նույնիսկ ադաթ կար՝ առաջինը միշտ մորս կենացն են խմում։ Մայրս իրոք հարգված ու սիրված է, ու ես միշտ հիացել եմ այն փաստով, որ միայնակ կինը կարողացել է իր կյանքում հասնել նման հարգանքի ու պատվի։
Կատակով ասում էի միշտ մամայիս․

– Մամ, հինչքանս տու բայեվոյ։ Վաբշե չում ես քու ախչիկըդ։
Տու հինչքան ուժեղս՝ ես էտքան թույլիկում։

Մայրս էլ էր դա միշտ հաստատում ու անընդհատ ասում, որ մարդ այս կյանքում պիտի կարողանա ուժեղ մնալ։ Կարևորա, որ քեզ հարգելը լինի դիմացինի ցանկությունը, ոչ թե քո պարտադրանքը, կամ ինչ-որ մեկի վախի հետևանքը։

Մի խոսքով՝ մորս ծնունդն էր․ թեպետ, մենք ծննդի սիրտ չունեինք, և նշելու առիթը պատերազմի ու հայրենիքի կորստի ֆոնին անհետացել էր, միևնույնն է, հարազատները լցվել էին տուն։ Իմ մանկության ընկերը մի վերջին անգամ Արցախի դաշտային ծաղիկներ էր բերել փնջով մորս նվիրելու համար։ Ափսոս, որ չկարողացա բերել այդ ծաղիկները․․․

Աղոտ եմ հիշում, բայց հենց այդ օրը, գիտակցեցինք, որ էլ երբեք մեր տուն չենք վերադարնա, որովհետև հարևաններից մեկը հանկարծակի խոսեց․

– Փաշինյան տականքը ստորագրել և հաստատել է․․․Արցախը Ադրբեջանի կազմում ․․․

Հաստատե՞լ է․․․ Ադրբեջանի կազմու՞մ․․․

Ամբողջ աշխարհը փլվել էր գլխիս ու դա մեռնելուց էլ սարսափելի պատիժ էր։

Մորդ ծննդյան օրով, մի մարդու, ով ամբողջ կյանքում քեզ համար հայրենիքի պաշտպան ու հերոս է եղել, իմանաս, որ դու ամբողջ կյանքդ ապրել ես ՍՈՒՏ․․․

Կամ դարձրել են Սուտ ապրածդ կյանքը ․․․

***

Սեպտեմբերի 25-ին․․․

․․․Արդեն դատարկ քաղաքում էինք։
Խցանումներն արդեն անտանելի էին։
Ճանապարհին այդ օրը պայթուն է տեղի ունենում ․․․
Եւ մենք բոլորս կիսատանում ենք էլ ավելի․․․

100-ից ավել զոհ, 300-ից ավելի վիրավոր, ու բազմաթիվ անհայտ կորածներ։

Իսկ քաղաքում արդեն բժիշկների պակասություն կար, դեղերի բացակայություն՝ բլոկադայի պատճառով, ու հայտարարվել էր, որ նրանք, ովքեր ունեն բժշկական կրթություն, անհապաղ իջնեն Մանակական հանրապետական հիվանդանոց։

Կեսից շատը մոխրացել էր տեղում։ Մարմիններն այրվել էին, բաց երևում էին ոսկորները։ Այրվածքներից ճչացող մարդիկ, զոհերի հարազատների լացը, անհայտ կորածների անունները գոռացող ծնողները․․․ Սա անտանելի մի դժոխք էր, որի մեջ ազգովի էինք հայտնվել։

Կարծես թշնամու ոտքը, շունչը նույնիսկ մեր հողի վրա անեծք լցրեց։
Ու անիծված էր սիրո քաղաքն այլևս․․․
Իմ բակի երեխաներից էին Լյովիկը, Մարթան իր մայրիկի հետ, Արմանը, Տիգրանը․․․
Բոլորը չկային, գոնե մեկը փրկվեր․․․

(․․․հերթական հրաշքներից էլ այն էր, որ մանկության ընկերս էլ էր այդ պահին գտնվում պայթունի վայրում, բայց նա ողջ առողջ հասավ ինձ։ Այդ օրը, այդ ժամին, պիտի մեծ եղբայրս էլ գնար բենզինի պայթունի վայր, բայց ինչ-որ հրաշքով չհաջողվեց․․․ Էլի Աստված)

Մեզնից բացի քաղաքում աշխատում էին փրկարարների խումբը, ոստիկանները։
Մնացել էին Ճարտարի ժողովուրդը, ում պիտի տարհանեին Հայաստանից ուղարկված ավտոբուսներով։

Մեքենա ընտանիքս չէր գտնում, որ դուրս գալը հնարավոր լիներ․․․

Ով որ ավել մեքենա ուներ՝ տան իրերն էր լցնում ու տանում իր հետ։ Ու մեղադրելու էլ չի, որովհետև մի ամբողջ կյանք է կորցրել տուն դնելու համար, իսկ հիմա պիտի սկսեն զրոյից։ Ասում էին՝ մարդկանց հերթագրում են քաղաքապետարանում, բայց պետք է սպասել, երկար կտևի։ Իսկ մենք սպասել չէինք կարող, որովհետև քեռիս երեք փոքրիկ աղջնակ ուներ։ Վախենում էին․․․

Տատիկս հիշողության խնդիրներ ուներ՝ չէր հասկանում ու գիտակցում ինչ է կատարվում, պապիկս էլ շնչել չէր կարողանում առանց թթվածնային բալոնի։ Մի խոսքով անհնար էր նման ծանր վիճակի մարդկանց ուղղակի դնել ավտոբուսի մեջ, քանի որ ճանապարհին բարդություններ կային, խնամք էր պետք։ Այդ պատճառով մենք բոլորով՝ քեռիս իր կնոջ ու երեք երեխաների հետ, տատիկս ու պապիկս, մորաքույրներս, զոհված քեռիիս ընտանիքը՝ իր հարսի ու մի տարեկանը լրացած աղջնակի հետ, որոշեցինք՝ պիտի միասին դուրս գալ, ու մեզ դրա համար մեքենա էր պետք, որը չկար։

Հրաշքով էր, թե չէ, մեքենան գտնվեց։

․․․Այս անգամ վառելիքի խնդիր կար․
Տղերքը հիմա էլ պիտի բենզինի հոգս անեին։

Բայց կար խնդիր՝ բենզինը քաղաքում վերջացել էր, ու հարազատներիս մեջ կային նաև կանայք, ովքեր վախենում ու խուճապի էին ենթարկվում։ Պետք էր անհապաղ մի բան մտածել։ Ես կապվեցի իմ հայաստանյան ընկերներից մեկի հետ, ու խնդրեցի նրանից 5 լիտր բենզին գտնել։ Գտավ, ուղարկեց։

Բայց դե դա շատ քիչ էր գաղթի ճամփա բռնելու համար․․․ Հաշվի առնելով նաև որ մարդիկ խցանումների մեջ ժամերով մնում են կանգնած․․․ Մի խոսքով, երկար փնտրտուքներից հետո, մեզ հայտնեցին,որ թշնամին բենզին է տրամադրում մարդկանց, դուրս գալու նպատակով։ Ու էդպես․․․

Թշնամու բենզինը ճարահատյալ ընդունող իմ խեղճ ու խափված ժողովուրդը, դավաճան զգալով իրենց դուրս եկան․․․

Իսկ մեր մեքենան դեռ կանգնած էր իր տեղում ու չէր շարժվում, քանի որ բենզինից հետո, մեքենայի շարժիչը չէր գործարկվում, ինչ-որ խնդիր կար, որի մասին ուշ իմացանք։

Մոտս իրականում արդեն տպավորություն էր, որ նույնիսկ հողը, նույնիսկ Տերը չի կամենում, որ մենք դուրս գանք Արցախից։ Ամեն մի նմանատիպ անհաջողությունից հետո, կամ մեծ հրաշքից հետո կարծում էի՝ դուրս չպիտի գանք։ Սիրտս ասում էր՝ մնացեք ու մի գնացեք։ Հոգիս՝ ցավում գիտակցումից, որ ինքնախաբեությամբ եմ զբաղված, ու մեկ է վերջում պիտի կամ դուրս գալ, կամ էլ մորթվել թուրքի կողմից։

***

Սեպտեմբերի 26

․․․ իմ ու իմ մանկության ընկերոջ վերջին զբոսանքը քաղաքում․
Ծանր գիտակցում կար՝ ՎԵՐՋԻՆՆ Է․․․
Ու ես անընդհատ կրկնում էի՝

– Մի ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ․․․

Քաղաքով քայլում էինք․․․
Ամբողջովին գեղեցիկ քաղաքը վերածվել էր աղբանոցի․․․Վանդալիզմ էր տիրում։ Մեղքի քաղաք էր, մեղքի մեջ կորած, թաթախված քաղաք։ Փողոցների մեջտեղին թափած հագուստ կար, տկլոր մանեկեններ, աղբ, սատկած կենդանիներն իրենց գարշելի հոտով, ջարդված հայելու կտորներ ամբողջ ճանապարհին․․․ Մի խոսքով, անտանելի էր քաղաքիս հետ վերջին հանդիպումն ու հրաժեշտը։ Ճանապարհին հանդիպեցինք ռուս խաղախապահների, ովքեր ադրբեջանցու հետ կանգնած էին իրենց զինվորական մեքենայով։

Սկզբում չհասկացանք, որ նրանցից մեկը թուրք է, ընկերս ձեռքս բռնած առաջ գնաց ու հեգնական տոնով ասաց․

– А что будет дальше․․․?
Никто не знает!?

– Здесь никто, ничего не знает.․․, – ասաց ռուսը մունաթով, իսկ կողքի թուրքը քմծիծաղով ճանապարհեց մեզ լուռ․․․

Ինչ ցավ ապրեցինք, ինչքան ամոթ էր, ինչքան ճղճիմ էինք զգում մեզ ու խեղճ․․․ Բայց ներսումս ախր հրաբուխներ էին արթնացել․․․ Ո՜նց էի ուզում մոտենալ ու խեղդել դրան, Տեր Աստվա՜ծ․․․
Անտանելի ցավ էի զգում իմ մեջ, քիչ էր մնում ցավից խելագարվեի․․․

Այդ օրը, ավելի ուշ, ես իմացա, որ իմ մանկության ընկերն էլ է դուրս եկել․
– Սրտիցս արյուն է կաթում, երբ հիշում եմ, որ դուք դեռ այտեղ եք, իսկ ես՝ արդեն այստեղ․․․անցնում եմ Հակարին․․․
– Աստծով գնաս ու տեղ հասնես․․․

***
Սեպտեմբերի 27
(անիծված օր․․․)

Վերջին անգամ գնացի իմ մանկության բակ (դա մեր տան կողքի շենքն էր)։ Մի քանի հարևան որոշել էին միասին դուրս գալ նույն օրը։ Ինձ ու մորս հրավիրել էին մի վերջին անգամ թեյախմության։ Այդպիսի ադաթ ունեինք մենք, մեր ծառի տակ հավաքվել ու սուրճ, թեյ ըմպել հարևանների պատրաստած համեղ կարկանդակներով։ Նաև խոսում էինք աշխարհի նորություններից, քաղաքանությունից ու մեզ զգում հմուտ դիվանագետներ։

Ինգան՝ մեր առաջին հարկի Լյուբայի հարսիկը, համեղ կարկանդակներով մեզ թեյ ու սուրճ հյուրասիրեց։

Բոլորս բոլորից էինք հարցնում՝ իմանանք, ո՞վ է անցել Հակարին, ապահո՞վ են տեղ հասել, թե չէ, վերհիշում էինք մեր հաջող ու անհաջող օրերը, երանի տալիս ու լացում, որովհետև շուն ու կատու՝ մեկ է, մի ընտանիքի պես էինք, ու միշտ հասնում էինք իրար։ Ու գիտակցում էինք, որ էլ ոչ մի տեղ, աշխարհի ոչ մի անկյունում էլ չի լինելու էս մե՜ծ ծառը, էս սեղանն ու էս հարևանները, ում նույնիսկ բամբասանքին ենք կարոտ մնալու։ Լացում էինք ու ժպտում, մեկս մեկիս հույս տալիս, որ պիտի հետ գանք․
—Յանի յետ կիլա՞ննք։
—Ես հվատում չում․․․
—Հա՜, ես պիտի կյամ տոնս։
—ԷԷԷ․․․ Էսա կիլանն նիտեռնան սաղ պադրաստ վայելին․․․
—Եթե քանդին վեչ Շուշվա նման․․․
—Ամսի մեկից էլ ասումն լուծարվումնք․․․

Արցունքներ էին հոսում․․․
Լռություն էր․․․

Ինգայի փոքր աղջիկը՝ Յանան, մեր ծառի տակից Հող էր վերցնում։ Ասեց, որ հիշել է ուզում իր հողն ու արմատները։
Հետո Ինգան մորս նվիրեց մի մեծ ճամպրուկ։

Կյանքում չէի մտածի, որ իր՝ Մորս նվիրած առաջին ու վերջին նվերը ճամպրուկ պիտի լինի, այն էլ գաղթի համար։

Մենք ճամպրուկ չունեինք, որ կարգին կարողանայինք շորեր վերցնել գոնե։ Ո՞վ պիտի մտածեր, որ նոր տեղափոխված տանդ ընդամենը պիտի ապրեիր մեկ ու կես տարի․․․

Սեպտեմբերի 27-ի երեկոյան, ժամը 19։00-ին, մայյրս, իր տունը լրիվ հավաքելուց հետո, լրիվ մաքուր վիճակում, փակեց իր տան դուռն ու դուրս եկավ՝ բանալին ծոցագրպանը դրած, այն հույսով, որ դեռ հետ կգա, ու իր տունն իրեն կդիմավորի լրիվ կոկիկ վիճակում, ու նույնիսկ փոշի էլ չի հասցնի հավաքվել։ Մինչ մայրս թաքուն հեկեկալով (բարձր էր այդ լացը չկոտրվող կնոջ համար) առաջ էր գնում, ես հիշում էի, թե ոնց էինք պայքարում մեր հողում ապրելու իրավունքի համար, թե ոնց էր մայրս հողից աղ ստանում, չեղած բանից սուրճ ստանում, կաթից մածուն ու պանիր ստանում, ձեռքերը վառելով հաց թխում, ձեռքով լվացք անում․․․ու երբեք, երբեք չէր բողոքվում․․․

Իսկ հիմա հեկակլով դուրս է գալիս․․․ Ու ամեն մի կաթիլ արցունքը սպանում էր ինձ ողջ-ողջ, կիսում ինձ մաս-մաս, ու տապալում գետնին իմ անզորությամբ։

Ո՞վ էր այս բախտը որոշել մեզ համար․․․

***

Ճանապարհին սկսվում է նոր դժոխք․․․
Խցանումներ․․․
Խցանումներ․․․
Խցանումներ․․․
Լացող կանայք․․․ չարացած մարդիկ․․․ իրար հոշոտող հարազատներ․․․ Մարդիկ փոխանակ դաս քաղեն ու փորձեն իրար հանդեպ հոգատար մնալ, ավելի են չարանում ու սկսում ամենամոտ հարազատին անսաստվածային կերպով նեղացնել։

3 ժամ է կանգնած ենք նույն կետում ու առաջ չենք շարժվում։
Երեք մեքենա այն կողմ՝ պապիկ է մահացել ՝ սիրտը չի դիմացել։
Երկու մեքենա այս կողմ կինը երեխա է ծննդաբերում։ Սեռը՝ չգիտեմ։
Մի տեղ կյանք մարեց, մի տեղ նոր կյանք սկիզբ առավ․․․ մտածում եմ՝ տղա էր։

Աննա Մեկունց

Շարունակելի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում