Ադրբեջանը նվազագույնի կհասցնի սահմանը հատելու ժամանակն ու ծախսերը
Նմանատիպ
Ռիսկերի վերլուծության ավտոմատացված համակարգը, որի ներդրումը կսկսվի մոտ ապագայում, նվազագույնի կհասցնի սահմանահատումների և մաքսազերծման ժամանակն ու ծախսերը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի (ՄՊԿ) նախագահ Շահին Բագիրովը «Միջազգային տրանսպորտային և լոգիստիկ միջանցք. զարգացման ազդակներ Զանգիլանից» համաժողովում։
Առևտրի պարզեցման նպատակով Անդրկովկասյան հանրապետության մաքսային ծառայությունն աշխատել է ռիսկերի կառավարման մաթեմատիկական ամենաժամանակակից ալգորիթմների հիման վրա ռիսկերի մոդելների ստեղծման ուղղությամբ և հասել զգալի հաջողությունների, ասել է վարչության պետը։
«Այսպիսով, մոտ ապագայում գործարկվող ռիսկերի վերլուծության ավտոմատացված համակարգը նվազագույնի կհասցնի սահմանի հատման և մաքսազերծման ժամանակն ու ծախսերը և դրական ներդրում կունենա ներմուծման-արտահանման, այդ թվում՝ տարանցման գործառնությունների մեջ»,- նշել է Բագիրովը։
Նրա խոսքով՝ «ադրբեջանական հողերի ազատագրումից» հետո Ղարաբաղի տարածաշրջանում լայն հնարավորություններ հայտնվեցին երկրի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային և նյութատեխնիկական միջանցքների շրջանակներում։ Այդ կապակցությամբ նա Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի գլխավոր խնդիրներից է անվանել հանրապետության տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված աջակցությունը։
«Տրանսկասպյան մաքսային տարանցման պորտալի ստեղծումը կապահովի ապրանքների արագ տեղաշարժը տարանցիկ երկրների տարածքով և պայմաններ կստեղծի ցամաքային ու ծովային նավահանգիստների միջև բազմամոդալ փոխադրումների արդյունավետ վերահսկման համար։ Այս պարագայում կարևոր է դառնում Հյուսիս-Հարավ միջանցքը։ Ներկայում համապատասխան աշխատանքներ են տարվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև՝ տեղեկատվության նախնական փոխանակում իրականացնելու համար։ Մեր երկրի տարանցիկ ներուժը զարգացնելու նպատակով Եվրամիության նոր համակարգչային տարանցիկ համակարգի ներդրումն արտացոլված է նաև մաքսային զարգացման ծրագրերում»,- հավելել է Բագիրովը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Հանդիպման արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափի երկայնքով երկաթուղային և մայրուղային երթուղին կառուցելու հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում