Կքննարկվեն 3–րդ երկրներից ՀՀ ներմուծված մեքենաների մաքսազերծման գները

Կքննարկվեն 3–րդ երկրներից ՀՀ ներմուծված մեքենաների մաքսազերծման գները

ՀՀ կառավարությունը 3–րդ երկրներից Հայաստան ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ կանցկացնի ԵԱՏՄ գործընկերների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նշենք, որ մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40–70 տոկոսով կսուբսիդավորի 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ներմուծման մաքսատուրքը ՀՀ–ում պետք է նվազեցնել, սակայն խնդիրը ԵԱՏՄ կարգավորումն է, և ՀՀ–ն չի կարող միակողմանի լուծել այդ խնդիրը։

«Այս հարցով մենք ներքին քննարկումներ կանցկացնենք ու ըստ այդմ որոշումներ կկայացնենք։ Օրինակ` էլեկտրական շարժիչներով մեքենաները մաքսատուրքից ազատելու որոշումը ԵԱՏՄ մեր գործընկերների հետ քննարկումներում հենց մեր նախաձեռնությամբ է եղել»,– ասել է Քերոբյանը` հիշեցնելով ՀՀ Ազգային ժողովի ընդունած որոշումը, որով էլեկտրաշարժիչով մեքենաները մինչև 2026 թ. ազատվեցին ԱԱՀ–ից և մաքսատուրքից։

Նախարարն ընդգծել է` ԵԱՏՄ–ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը առաջարկներ ներկայացնելու կարիք է տեսնում, անում է։

Նա նաև տեղեկացրել է, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ–ում են։

2024 թ. հունվարի 1–ից 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում